Թեղուտի պաշտպանության խմբի և բնապահպանների համար հուլիս ամիսը հագեցած էր միջոցառումներով. ի թիվս յուրաքանչյուր հինգշաբթի կառավարության շենքի առջև ծառահատումները կասեցնելու պահանջով ընթացող բողոքի ցույցերի, այց կատարվեց Էջմիածին` ուղերձ հանձնելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին, որով խնդրում էին կաթողիկոսին կանխել «իր հոտին և ապագա սերունդներին սպառնոցող արհավիրքը», անցկացվեց բնապահպանական երկօրյա արշավ դեպի Թեղուտ, տեղի բնակիչների հետ քննարկելու պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները, տեղի ունեցան մի շարք հանդիպումներ քննության առնելու այդ հարցը, այդ թվում և ՀՀ բնապահպանության նախարարությունում:

Ըստ Թեղուտի պաշտպանության խմբի ներկայացուցիչ և ԹԻՀԿ գործադիր տնօրեն Ս. Այվազյանի, դիմումները, թերթերի հոդվածները, բողոքի ակցիաները ինչ-որ չափով օգնել են գործընթացին, բայց պետք է դիմել ավելի ինտեսնիվ քայլերի նպատակին հասնելու համար: Իսկ արդյունքների մասին դեռ վաղ է խոսել, քանի որ ծառահատումները շարունակվում են: