Ս.թ. հունիսի 27-ին մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում` Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Երևանի մամուլի ակումբը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Զարգացման հայկական ինստիտուտը, Կոնգրես հյուրանոցում հանդես եկան քննարկմամբ` արծարծելու քաղաքացիական հասարակության մոտեցումները քաղբանտարկյալների և դատական գործընթացների, մարտի 1-2-ի դեպքերի անկախ հետաքննության և դատական համակարգի նկատմամբ հասարակական վստահություն ձևավորման, «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի, ԶԼՄ-ների վիճակի, գրաքննության, արտակարգ իրավիճակի պայմաններում ԶԼՄ սահմանափակումների, ինչպես նաև հանրային հեռուստառադիոընկերության և ՀՌԱՀ-ի վերաբերյալ:

Քննարկման մասնակիցների կարծիքով որքան էլ ԵԽԽՎ 1620 բանաձևով նշվի, քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված 1609 բանաձևի առանձին կետեր կատարվել են, Հայաստանի հասարակությունը կարծում է, որ ոչ մի կետ էլ չի կատարվել, եղել են իմիտացիաներ: