«Կառավարության, բիզնեսի, ԶԼՄ-ների և ՀԿ-ների արդյունավետ համագործակցությունը հիմք կծառայի քաղաքացիների ներգրավմանը հանրային քաղաքականության և թափանցիկության ձևավորման գործընթացում որպես ժողովրդավարության դրսևորման ցայտուն օրինակ»: Սույն հայեցակարգի վրա էր հիմնված Քաունթերփարթ Ինթերնեշնլի Քաղաքացիական Շահերի Պաշտպանության Աջակցության ծրագրի օժանդակությամբ և ԱՄՆ Զարգացման գործակալության ֆինանսավորմամբ ապրիլի 13-ից 15-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցած «ՀԿ-ների դերը հանրային քաղաքականության ձևավորման գործընթացում» թեմայով համաժողովը: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի ողջ տարածքից ժամանած ՀԿ ներկայացուցիչներ, որոնք իրենց բանիմացությունն ու փորձը փոխանակեցին ՀԿ-ների հարաբերությունները կառավարության, բիզնեսի, ԶԼՄ-ների և հանրության հետ չորս զուգահեռ ընթացող նիստերի ընթացքում:

ՏԶԿ/ԹԻ-Հայաստան կազմակերպությունը համաժողովի առաջին օրը բացված ցուցահանդեսի ընթացքում ներկայացրեց իր հրատարակությունները, բրոշյուրները, շապիկներն ու հակակոռուպցիոն պայքարն արտացոլող անզուգական պաստառները, իսկ կոռուպցիայի և շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ սոցիալական հոլովակները ցուցադրվեցին Ֆիլմերի փառատոնում:

ՏԶԿ/ԹԻ-Հայաստան կազմակերպության ծրագրի օգնական Իրինա Կարապետյանը ակտիվորեն մասնակցեց «Պետություն-ՀԿ փոխհարաբերություններ. համակարգային մոտեցում հանրային քաղաքականության գործընթացին», պրակտիկանտ Արմեն Բոյաջյանը` «Բիզնես-ՀԿ փոխհարաբերություններ. զարգացման և կայացման նոր սահմաններ», իսկ տեղեկատվության գծով մասնագետ Նունե Այդինյանը` «Լրատվամիջոցներ-ՀԿ փոխհարաբերություններ. հարաբերությունների վերաձևակերպումը հօգուտ հանրային շահի» թեմաներով քննարկումներին:

ՏԶԿ/ԹԻ-Հայաստան կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը վարում էր «Պետություն-ՀԿ փոխհարաբերություններ» թեմայով նիստերը, իսկ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը որպես զեկուցող հանդես եկավ «Հասարակություն/քաղաքացի-ՀԿ փոխհարաբերություններ.ժողովրդի հետ, ժողովրդի համար»
թեմայով քննարկմանը` «Անհատների հետ տարվող աշխատանքը որպես քաղաքականության իրականացման տվյալներ հավաքագրելու և համախոհներ ձեռք բերելու միջոց» բանախոսությամբ: