«ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» կազմակերպության կողմից իրականացվող` 2007թ. խորհրդարանական ընտրություններում նախընտրական գործընթացների մոնիտորինգի ծրագրի շրջանակներում «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում ս.թ. մարտի 30-ին կայացել է ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 17 կուսակցությունների և «Իմպիչմենտ» դաշինքի, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում-քննարկում «Հայաստանն ընտրությունների շեմին» թեմայով: Քննարկման մասնակիցներին ողջունել են «ՏԶԿ/ԹԻ- Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը և Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն շարժման բեռլինյան քարտուղարության Եվրոպայի ու Միջին Ասիայի գծով տնօրեն Միկլոշ Մարշալը:
Հանդիպմանը ելույթ են ունեցել «Ընտրությունը քոնն է» ՀԿ նախագահ Հարություն Համբարձումյանը, որը ներկայացրել է «ԱԺ ընտրությունների երկարատև ու կարճատև դիտորդական առաքելությունը» թեման, «Մամուլի մոնիտորինգի արդյունքները» ներկայացրել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, իսկ «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ փոխնախագահ Վարուժան Հոկտանյանը խոսել է հայաստանյան նախընտրական զարգացումների վերաբերյալ: Ելույթներին հետևել է մասնակիցներին ներկայացված թեմաների շուրջ շահագրգիռ քննարկումը:
Նշված ծրագիրը ֆինանսավորվում է «Բաց հասարակության ինստիտուտ օժանդակության հիմնադրամ-Հայաստան» կազմակերպության կողմից, և նպատակ ունի նպաստելու ազատ, արդար և կոռուպցիայից զերծ ընտրությունների անցկացմանը Հայաստանում: