Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ
Ս․թ․ փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։ Ակնհայտ է, որ այս գործողությունն ուղղված է Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության վերացմանը, որի արդյունքում նաև հարցականի տակ է դրվելու արցախահայության սեփական հողի վրա ապրելու պահանջների, նրանց իրավունքների պաշտպանության հիմքը։
Այս համատեքստում հատկանշական է հիշեցնել, որ Ադրբեջանի իշխանությունները 2005 թվականին ոչնչացրել են Նախիջևանի Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցն՝ իր հազարավոր արժեքավոր խաչքարերով։ Դրանք տեղահանվել ու ջարդվել են շինարարական տեխնիկայի օգնությամբ և օգտագործվել որպես շինանյութ, իսկ գերեզմանոցի ազատված տարածքը վերածել են զինավարժարանի։ Այդպիսով Ադրբեջանի իշխանություններն ապացուցել են, որ ընդունակ և հետևողական են հայկական պատմական հետքերի ոչնչացմամբ իրականացնել էթնիկ զտման իրենց քաղաքականությունը:
ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր 2021թ. դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշմամբ պահանջել է Ադրբեջանից՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների: Ադրբեջանն իր ներկայիս գործողություններով ոտնահարում է տվյալ որոշումը և ապացուցում իր վճռականությունը ավարտին հասցնելու սկսած գործը:
Ցավալիորեն, Ադրբեջանի նախագահ Ալիևի պարբերական դարձած հայատյաց կոչերը ու անթաքույց էթնիկ զտման ու մշակութային ցեղասպանության քաղաքականությանը պատշաճ և համարժեք արձագանք չեն ստանում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից։ Վերջինիս դիրքորոշումները հաճախ չեն համապատասխանում Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության, Հայաստանի և Արցախի բնակչության մարդու իրավունքների ոտնահարումներին առնչվող օրհասական իրավիճակի մարտահրավերներին։
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՀ վարչապետից և կառավարությունից (մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն)՝
ԱՆՀԱՊԱՂ
1. Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության վերացմանը միտված գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանին՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով կիրառված միջանկյալ միջոցի չկատարման/խախտման վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ միջոցների կիրառում պահանջելու և նախատեսվող հանցագործությունները ու հայկական մշակութային ժառանգության անդառնալի կորուստը կանխելու նպատակով:
2. դիմել ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին (այդ թվում՝ գործելով որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդի անդամ) և Մշակութային հարցերով հատուկ զեկուցողին՝ կազմակերպելու այցելություն Արցախ և դիտարկելու ու փաստագրելու հայկական հուշարձանների առկա վիճակը:
- Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
- Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների
- Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
- Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
- «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
- Երևանի մամուլի ակումբ
- «Համայնքային համախմբման և աջակցութան կենտրոն» ՀԿ
- «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
- «Հոդված 3» մարդու իրավունքների ակումբ
- Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
- Ստեղծագործ Եվրոպա հարթակ մշակութային ՀԿ
- Ինֆորմացիայի ազատության կենտրոն
- «Փինք» իրավապաշտպան ՀԿ
- Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան
- Գորիսի մամուլի ակումբ
- «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ
- Իրազեկ քաղաքացիների միավորում
- Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
- Հանրային լրագրության ակումբ
- Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
- Կանանց իրավունքների տուն
- «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
- Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
- Հեռանկարային զարգացման կենտրոն
- Սոսի Թաթիկյան, միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ
- Էդուարդ Աբրահամյան, պ.գ.թ., Բրիտանական Լեսթերի համալսարանի դասախոս և դոկտորանտ
- Բենիամին Պողոսյան, քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոն
- Հակոբ Գաբրիելյան, քաղաքական գիտությունների թեկնածու, Հայ-Ռուսական համալսարանի դասախոս
- Հրաչյա Արզումայնան, անվտանգության ոլորտի փորձագետ
- Գարիկ Չիլինգարյան, միջազգային հարաբերությունների և միջազգային անվտանգության փորձագետ
- Գայանե Շագոյան, ազգագրագետ
- Հայկուշ Բուչախչյան, տեխնոլոգ
- Մարինե Հարությունյան, IDLO, տնտեսագետ-իրավաբան
- Արտյոմ Ռաֆայելյան, Պարարվեստի մանկավարժ
- ՀՀ Նինահար մշակութային հասարակական կազմակերպություն,
- Լիդա Գևորգյան, ՀՀ քաղաքացի