Փարիզ - ժնև - Երևան: Իրավապաշտպանների պաշտպանության օբսերվատորիան, Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպության (OMCT) և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) համատեղ ծրագիրը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի,Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Ընդդեմ իրավական կամայականության հիմնադրամի հետ համատեղ ողջունում են իրավապաշտպան Արշալույս Հակոբյանին կալանքից ազատելու որոշումը: Հոկտեմբերի 16-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց փոխարինել կալանքը որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությամբ Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիայի անդամ, կազմակերպության ինտերնետային կայքի (www.hahr.am) ֆոտոլրագրող Արշալույս Հակոբյանի նկատմամբ, որը 4 ամիս գտնվել էր նախնական կալանքի տակ:Նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից, իսկ դատաքննությունը հետաձգվեց լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու հիմնավորմամբ: 2009 թ. հունիսի 6-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը պարոն Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Կալանքը հետևել էր Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իր կողմից դիտորդական առաքելություն իրականացմանը: Ընտրատեղամաս մուտք գործելու մերժման վերաբերյալ բողոք ներկայացնելուց հետո, ոստիկանությունը հրավիրել էր պարոն Արշալույս Հակոբյանին որպես վկա և հետագայում ձերբակալել` առաջադրելով մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Այդ գործի դատաքննությունը սկսվել է 2009 թ. սեպտեմբերի 16-ին: Վերը նշված կազմակերպությունները ողջունում են Արշալույս Հակոբյանի ազատ արձակումը և շնորհակալություն են հայտնում բոլոր անձանց, կառույցներին և կազմակերպություններին, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն Հակոբյանի: Այնուամենայնիվ մեր կազմակերպությունները դատապարտում են այն փաստը, որ պրն. Հակոբյանից դեռևս չի հանվել առաջադրված մեղադրանքը: Մեր կազմակերպությունները կոչ են անում Հայաստանի իշխանություններին դադարեցնել Արշալույս Հակոբյանի նկատմամբ բոլոր տեսակի ոտնձգությունները ՄԱԿ-ի իրավապաշտպանների մասին հռչակագրի, ինչպես նաև Հայաստանի կողմից վավերացրած մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային և տարածաշրջանային փաստաթղթերի համաձայն: Մեր կազմակերպությունները նաև իրենց խոր մտահոգությունն են հայտնում պրն. Արշալույս Հակոբյանի նկատմամբ ձերբակալության ժամանակ դաժան վերաբերմունք գործադրելու կապակցությամբ: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին երաշխավորել անհապաղ, լիարժեք, արդյունավետ և անկախ քննություն, հրապարակել դրա արդյունքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին` կանգնեցնելով նրանց անկախ և անաչառ դատարանի առաջ և պատժելով օրենքով սահմանված կարգով: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք * FIDH, Կարին Ափի + 33 1 43 55 25 18 * OMCT, Դելֆին Ռեկուլաու + 41 22 809 49 39 * Քաղաքացիական հասարակության ինստիտուտ +374 10 574317

Իրավապաշտպանների պաշտպանության օբսերվատորիա, Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպության (OMCT) և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) համատեղ ծրագիր, Քաղաքացիական հասարակության ինստիտուտ, Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակ, Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Ընդդեմ իրավական կամայականության հիմնադրամ