Մենք` քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս և քաղաքացիական ակտիվիստներս, ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել երեխաների իրավունքների խախտումների, արտահայտվելու ազատության ճնշման և արդար դատավարություն ապահովելու ձախողման առնչությամբ Հայաստանում վերջերս տեղի ունեցած մարդու իրավունքների ոտնահարումներին: 2008թ. ապրիլ-հունիս ամիսների ընթացքում մի խումբ երիտասարդներ կամավորական հիմունքներով աշխատել են Նուբարաշենի թիվ 11 հատուկ գիշերօթիկ դպրոցում, որը ՄԱԿ-ի «10 լավագույն դպրոց» ծրագրի շահառուներից էր: Երիտասարդ կամավորականները զբաղվել են համակարգչային սենյակ վերանորոգելով, դպրոցի սաներին տարբեր առարկաներ և հմտություններ ուսուցանելով, աուդիո-գրքեր ձայնագրելով: Իրենց աշխատանքի և աշակերտների հետ ինտենսիվ շփումների ընթացքում երիտասարդները նկատել և լսել են դպրոցում տեղի ունեցող բազմաթիվ պրոբլեմների և չարաշահումների մասին, ներառյալ հետևյալը. * Թեպետ նշված դպրոցը նախատեսված է մտավոր և ֆիզիկական հաշմանդամ երեխաների համար, իրականում այնտեղ հիմնականում ընդգրկված են միանգամայն առողջ երեխաներ, որոնց հրահանգված էր բժշկական ստուգումների ժամանակ ձևանալ հաշմանդամ` կատարելով տկարամիտի դեր: * Սնունդը անորակ էր, աշակերտները մնում էին կիսաքաղց` իրենց տրամադրվող կերակրի փոխարեն հաճախ գերադասելով ուտել մի կտոր հաց: Սննդի մնացորդները օգտագործվում էին դպրոցի շրջակա տարածքում պահվող` տնօրենի խոզերին, հնդկահավերին և շներին կերակրելու համար: * Սանիտարահիգիենիկ վիճակն անբավարար էր. երեխաները լոգանք ընդունելու հնարավորություն էին ունենում շաբաթը կամ նույնիսկ երկու շաբաթը մեկ անգամ: * Դպրոցի տնօրենն ու անձնակազմի այլ անդամներ երեխաներին աշխատեցնում էին իրենց տներում: * Դպրոցի սաների հանդեպ դաստիարակները հաճախ դաժանորեն էին վարվում` ենթարկելով նրանց մարմնական պատժի և ծեծի: * Հաղորդվել է, որ աշակերտները ենթարկվել են սեռական ոտնձգության դպրոցի ուսուցիչներից մեկի կողմից: Երիտասարդ կամավորականները բարձրաձայնել են վերոնշյալ հիմնախնդիրները: 2008թ. նոյեմբերին դպրոցում կատարած բացահայտումների մասին տեսանյութեր են հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ, որի ադյունքում բարձրացված հիմնահարցերի մի մասը դրական լուծում է ստացել: Երեխաները սկսել են ավելի հաճախ լոգանք ընդունել, բարելավվել է սննդի որակը: Սեռական ոտնձգության մեջ մեղադրվող ուսուցիչը նախընտրել է հեռանալ դպրոցից` ստեղծագործական աշխատանքով զբաղվելու պատճառաբանությամբ: Այնուամենայնիվ, աշակերտներին սեռական ոտնձգության ենթարկելու խնդիրը չի լուծվել: Նույն ամսվա ընթացքում կամավորները հանդիպել են այն ժամանակվա ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Ստեփան Ասլանյանի հետ, որոնք ներկայացնում էին իշխող կոալիցիայի երկու կուսակցություններ: Սակայն երկու հաստատություններից և ոչ մեկը պատշաճ արձագանք չի տվել: Միաժամանակ, 2008-ի վերջին տեսանյութերի հեղինակ լրագրողի հետ պայմանագիրը դադարեցվել է և նրա պատրաստած հաղորդումներն այլևս չեն ցուցադրվել Հ1-ի եթերով «տնտեսական ճգնաժամի» պատճառաբանությամբ: Հաղորդման հեռարձակումից երեք ամիս անց ոստիկանությունը քրեական գործ է հարուցել: Գործի նախաքննությունն ուղեկցվել է ընթացակարգային պահանջների խախտումներով: Քրեական գործը հարուցվել է օրենքով նախատեսված ժամկետի կոպիտ խախտմամբ, որն արդարացված չէ: Այն հիմնված է միայն մեկ վկայի ցուցմունքի վրա, ով ուսուցիչների և ծնողների կողմից ճնշման ենթարկվելով` հարկադրաբար հետ է կանգնել իր սկզբնական ցուցմունքից: Մինչդեռ ամբողջովին անտեսվել է երկրորդ երեխայի ցուցմունքը: Կամավորականները, որ ներգրավվել էին դատական գործընթացում, պատշաճ կերպով չեն ծանուցվել քրեական գործի մանրամասների վերաբերյալ: Նրանց հարցաքննություններն ուղեկցվել են հոգեբանական ճնշումներով և ոստիկանների ծաղր ու ծանակով: Հենց առաջին օրվանից նախաքննությունը կողմնակալ էր և կենտրոնացել էր մեղքը կամավորականների խմբի վրա բարդելու վրա: 2009թ. օգոստոսին վերոնշյալ գործը փաստորեն շուռ եկավ կամավորականների խմբի ղեկավար Մարիամ Սուխուդյանի դեմ, ում նկատմամբ ոստիկանությունը մեղադրանք հարուցեց սուտ մատնության հատկանիշով` սպառնալով մինչև 5 տարի ազատազրկմամբ: Գործի հանդեպ կանխորոշված վերաբերմունքը գագաթնակետին հասավ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի` ս.թ. օգոստոսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, երբ նա ակնհայտորեն խախտեց անմեղության կանխավարկածի սկզբունքը: Վերը նշվածի հանրագումարում, Նուբարաշենի թիվ 11 հատուկ գիշերօթիկ դպրոցում աշակերտների հանդեպ վատ վերաբերմունքի և սեռական ոտնձգության վերաբերյալ հարցը բարձրացնելուց ի վեր ՀՀ պետական հաստատությունները պատշաճ արձագանքի չեն արժանացրել, չնայած այն հանգամանքին, որ նման իրավիճակ է տիրում նաև այսօրինակ գիշերօթիկ դպրոցներում (ԶԼՄ-ներն, օրինակ, անդրադարձել են Նուբարաշենի թիվ 18 հատուկ գիշերօթիկ դպրոցին և Վարդաշենի հատուկ կրթահամալիրին): Փոխարենը, իշխանությունները ջանք չեն խնայել կոծկելու իրական հիմնախնդիրները և մեղադրելու նրանց, ովքեր համարձակվել են իրազեկել դրանց վերաբերյալ: Մարդու իրավունքների` վերը նշված ոտնահարումների դեմ քաղաքացիական հասարակության զանազան խմբեր հանդես են եկել ՀՀ իշխանություններին ուղղված բազմաթիվ հայտարարություններով և պահանջագրերով` պահանջելով դադարեցնել Մարիամ Սուխուդյանի նկատմամբ հետապնդումը, ապահովել արդար և անկողմնակալ դատավարություն և պատժել իրական հանցագործներին: Այսուհանդերձ, հետապնդվում են հանցագործության մասին հաղորդողները, և նրանց հանդեպ իրականացվում է կողմնակալ հետաքննություն: Ավելին, թեպետ ԶԼՄ-ներում ի հայտ են գալիս նոր վկաներ, փաստերով հիմնավորելով, որ դպրոցում չարաշահումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը շարունակում է անտեսել նոր ապացույցները: Քաղաքացիական հասարակությունը նաև պահանջում է միջազգային և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ հանձնախումբ ստեղծել` քննելու Հայաստանի հատուկ գիշերօթիկ դպրոցներում տիրող իրավիճակը: Նման դպրոցները ավելի շուտ փակ հաստատություններ են, և նրանց հիմնախնդիրները մեծ մասամբ մնում են անհայտ և անուշադրության են մատնվում պետական իշխանությունների և հանրության կողմից: Մինչդեռ, այդ դպրոցներում ցուցակագրված սաների հանդեպ վատ վերաբերմումքը և չարաշահումները ավելի խոցելի են դարձնում նրանց` նպաստելով հասարակությունից օտարմանը և ավելացնելով նրանց` հանցագործության մեջ ներգրավվելու ռիսկերը: Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, գիշերօթիկ դպրոցների և որբանոցների սաները սովորաբար դառնում են թրաֆիքինգի առաջին զոհերը: 2008թ. նոյեմբերից ի վեր, երբ հիմնախնդիրներն առաջին անգամ ներկայացվեցին համապատասխան իշխանություններին, ոչ մի որոշակի գործողություն ձեռք չառնվեց այդ հարցերն արծարծելու և դրանց լուծում տալու ուղղությամբ: Փոխարենը, ավելի շատ ջանքեր ուղղվեցին հերքելու հենց հիմնահարցերի գոյությունը և կոծկելու բացահայտված հակաօրինական գործողությունները: Միայն ս.թ. սեպտեմբերի սկզբին, երբ հանրության խիստ հիասթափությունը ակտիվիստների հանդեպ հետապնդման ու պետական իշխանությունների ոչ պատշաճ պահվածքի պատճառով հասավ գագաթնակետին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպեց կամավորականների հետ և իր շահագրգռությունն ու պատրաստակամությունը հայտնեց հանրային մոնիտորինգ անցկացնելու և հատուկ դպրոցներում բարեփոխումներ իրականացնելու կապակցությամբ: Սակայն, չի տրվել արդեն իսկ բացահայտված հիմնախնդիրների հանդեպ պատշաճ գնահատականը, և անօրինական ու անբարոյական պահվածքը պատժելու հարցը դեռևս լուծում չի ստացել: Դիմում ենք մեր երկրում գտնվող և արտերկրում աշխատող անձանց` օգտագործելու ձեր լիազորությունը և լծակը պաշտպանելու մարդու իրավունքները և արդարության հասանելիությունը Հայաստանում: Ստիպված ենք հայցել ձեր օժանդակությունը` նպաստելու մեր վերոնշյալ պահանջների կատարմանը, և ակնկալում ենք մեր պահանջագրի վերաբերյալ ձեր պատշաճ պատասխանը: Մանրամասների համար խնդրում ենք դիմել (+374) 091.433278 կամ [email protected]: Մարիամ Սուխուդյանի և կամավորականների խմբի մասին կարող եք ծանոթանալ` այցելելով http://www.mariamsukhudyan.info/ կայքը:

«Երևանի մամուլի ակումբ» ՀԿ, «Երիտասարդներ հանուն ժողովրդավարության» ՀԿ, «Զարթոնք-89» ՀԿ, «Էկոդար» ՀԿ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Ժողովուրդն է տերը երկրի» միավորում, «ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ, «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ, «Կրթության ասպարեզ» ՀԿ, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայաստանի կոմիտե» ՀԿ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ, «Հույս» ՀԿ, «Մենք պլյուս» ՀԿ, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ, «Փաստաբաններ հանուն մարդու իրավունքների» ՀԿ, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ