«Կոռուպցիան և բարեվարքությունը». Գլաձորցիներին շնորհվեցին դասընթացի մասնակցության հավաստագրերը
Երևանի «Գլաձոր» համալսարանի ուսանողները ստացան «Կոռուպցիան և բարեվարքությունը» դասընթացների շարքի մասնակցության հավաստագրերը։
Նշենք, որ երիտասարդների շրջանում հակակոռուպցիոն գիտելիքների և կարողությունների զարգացմանը նվիրված միջոցառումը կազմակերպվել էր ս․թ․ ապրիլի 19–ից մայիսի 14–ը Երևանի «Գլաձոր» համալսարանի և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։
Հանդիպման սկզբում ԵԳՀ Արտաքին կապերի և միջազգայնացման բաժնի պետ Արման Տոնիկյանն ուսանողների հետ խոսեց անցկացված դասընթացների շարքի նպատակի ու խնդիրների մասին՝ հորդորելով նրանց լինել ավելի բաց կարծիքների փոխանակման և օգտակար մեկնաբանություններ կատարելու հարցում։
Այնուհետև ԹԻՀԿ կրթական ծրագրերի համակարգող Մարիամ Հովեյանն ուսանողներին ամփոփ ներկայացրեց կենտրոնի կողմից իրականացվող հակակոռուպցիոն կրթական ծրագրերն ու դրանց միանալու հնարավորությունները։
Առաջնորդվելով կատարված աշխատանքը պատշաճ գնահատելու և հետագայում անելիքներն ավելի լավ կազմակերպելու սկզբունքով՝ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները տարբեր հարցերի միջոցով լսեցին դասընթացի մասնակիցների կարծիքները, առաջարկություններն ու մեկնաբանությունները։
Դասընթացների շարքն ամփոփող միջոցառումն ավարտվեց հավաստագրերի հանձնման և խմբային լուսանկարահանման արարողությամբ։
