ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում միջազգային փորձագետների ներգրավման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որի վերաբերյալ առկա է հետևյալ նկատառումը․

1․ Նախագծի 1-ին մասով նախատեսվում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավել մինչև երեք միջազգային փորձագետների։ Նույն կարգի 3-րդ մասի համաձայն՝ խորհրդի կազմում փորձագետների թեկնածություններն առաջադրվում են վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ հետ հակակոռուպցիոն ոլորտում համագործակցող միջազգային կամ միջկառավարական կազմակերպությունների կողմից։ Հարկ է նշել, որ որևէ կերպ հիմնավոր չէ այն իրավակարգավորումը, համաձայն որի՝ թեկնածություն կարող է առաջադրել բացառապես վերջին երկու տարում ՀՀ հետ համագործակցող միջազգային կամ միջկառավարական կազմակերպությունները։ Նման մոտեցման պարագայում առերևույթ ձևակերպվում է նախագծի հեղինակների ցանկությունը՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության հարցում համագործակցել 2018թ․ հեղափոխությունից հետո հակակոռուպցիոն պայքարի ոլորտում ՀՀ հետ համագործակցած միջազգային կամ միջկառավարական կազմակերպությունների հետ, ինչը որևէ հիմնավորում չունի։

Առաջարկ․

Նախագծի 3-րդ մասում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում միջազգային փորձագետներ առաջադրելու իրավունք ընձեռել վերջին 10 տարում ՀՀ հետ հակակոռուպցիոն պայքարի ոլորտում համագործակցած միջազգային կամ միջկառավարական կազմակերպություններին։