Հակակոռուպցիոն ակադեմիա 2020-2021
ԹԻՀԿը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ համագործակցությամբ 2020թ-ի սեպտեմբերի 15-ից իրականացնում է «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթացը, որն ուղղված է մասնակիցներին կոռուպցիայի վերաբերյալ գիտելիքներ հաղորդելուն, հակակոռուպցիոն քաղաքականության, կոռուպցիայի դրսևորումներին, տեսակներին, պատճառներին ու հետևանքներին ծանոթացնելուն։
Դասընթացի մասնակցության 231 հայտ էր ստացվել, որոնցից ընտրվել է 30-ը: Ընտրվածների մեծ մասը հանրային ծառայողներ են: Դասընթացի մասնակիցների թվում են նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ:
Այժմ իրականացվում է դասընթացի 3-րդ՝ «Հանրային ծառայության բարեվարքության համակարգ» մոդուլը, որը մեկնարկել է 2021 թվականի մարտի 2-ից: Այս մոդուլի շրջանակներում մասնակիցներին ներկայացվում և քննարկվում են հանրային ծառայության բարեվարքության համակարգը կազմող հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների վարքագծի հիմնական սկզբունքները, վարքագծի կանոնները և կանոնագրքերը, դրանց մեկնաբանությունները, կառավարման գործիքակազմեր, շահերի բախումը, անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումները, նվերների ընդունման արգելքը, գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգը, բարեվարքության համակարգի կառավարման թեմաները։ Բացի դասախոսություններից նաև իրականացվում են պրակտիկ պարապմունքներ հիմնված իրական դեպքերի վրա։
Մոդուլի դասընթացը վարում են ինչպես ԹԻՀԿ փորձագետները, այնպես էլ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոսները, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի անդամները, իսկ առանձին թեմաներով՝ հրավիրված մասնագետները։
Հակակոռուպցիոն ակադեմիա 2020-2021թթ․ ծրագիրը իրականացվում է «Հայաստանում հակակոռուպցիոն ուսումնասիրությունների վերաբերյալ hավաստագիր շնորհող ծրագրի» շրջանակներում: