ԹԻՀԿ-ը մեկնարկել է դասընթացների շարք, որոնք միտված են կոռուպցիայի և բարեվարքության մասին երիտասարդների գիտելիքների զարգացմանը, ինչպես նաև առաջնորդության համար կարևոր հմտությունների ձևավորմանը։ Տեղացի և օտարերկրյա փորձագետների առաջնորդությամբ` ԹԻՀԿ ցանցի երիտասարդների համար պարբերաբար կանցկացվեն հետաքրքիր և արդիական թեմաներով դասընթացներ և քննարկումներ։ Մարտի 5-ին տեղի ունեցավ այս շարքի առաջին դասընթացը՝ «Պառլամենտական էթիկա» խորագրով։ Դասախոսությամբ հանդես եկան մարդու իրավունքերի հարցերով փորձագետ Արա Ղազարյանը և հանրային կառավարման հարցերով փորձագետ Արմեն Խուդավերդյանը։ Դասընթացի նպատակն էր երիտասարդ առաջնորդների համար ընդգծել պատգամավորական էթիկայի նոր միջավայրի եւ քաղաքական նոր մշակույթի ձեւավորման կարևորությունը։ Մասնակիցները ծանոթացան խորհրդարանական բարեվարքության միջազգային սկզբունքներին և ստանդարտներին, ուսումնասիրեցին ոլորտի լավագույն փորձը, քննարկեցին ազգային օրենսդրությունն ու պրակտիկան։

Դասընթացների շարքը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: