«Ընդլայնեք շրջանակները և խստացրեք կիրարկումը»,- հորդորում է «ԹԻ»-ն ԵՄ փոխնախագահ Սիիմ Կալասին ուղղված նամակում:

Բրյուսել/Բեռլին, 6 ապրիլի, 2006թ. --- Եվրոպական հանձնաժողովի կողմից կիրառվող` կոռումպացված ընկերությունների հետ համագործակցության կասեցման (ինչը հայտնի է նաև որպես ներառում սև ցուցակի մեջ) ավելի հզոր, թափանցիկ և ներդաշնակ համակարգն, ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլի», կապահովի կոռումպացված ընկերությունների և ընչաքաղց պետական պաշտոնյաների կողմից ԵՄ ֆինանսական միջոցները վատնելը կանխարգելելը:

«ԹԻ»-ն մանրամասն առաջարկներ է ներկայացրել Եվրոպական հանձնաժողովի վարչական, հսկողության և խարդախությունների դեմ պայքարի հարցերով փոխնախագահ Ս.Կալասին, պնդելով, թե գործող համակարգը պետք է կիրառվի ավելի խիստ եղանակով, լինի ավելի թափանցիկ և ստանդարտացված ԵՄ բոլոր կառույցների համար: Կարևոր է նաև, որ անդամ-պետություններն ապահովեն կասեցման իրենց տեղական մեխանիզմների համապատասխանությունը ընդհանուր չափանիշներին:

Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» ղեկավար Հյուգետ Լաբելի` կասեցման ուժեղ համակարգը վճռորոշ դեր է խաղում Եվրամիության տարածքում ցանկացած մակարդակում հանրային ֆինանսավորմամբ ծրագրերով ընձեռնվող օգուտներից կոռումպացված ընկերությունների օգտվելու հնարավորությունները վերացնելու գործում: «Մեր գերագույն նպատակը,- ասել է նա,- վարքագծի փոփոխությունն է, և առաջին հերթին` հետագա չարաշահումների կանխարգելման նպատակով կասեցման գործող համակարգի հզորացումը»:

Թեպետ ԵՄ իրավական համակարգում առկա են կաշառատվության մեջ բացահայտված ընկերություններին պետական մրցույթներին մասնակցելուց զրկելու վերաբերյալ դրույթներ, դրանք զգալիորեն տարբերվում են կառույցից-կառույց, կիրառվում են ոչ համապատասխան ձևով, իսկ դրանց կիրառման մեխանիզմները շարունակում են մնալ ոչ հստակ: Ներկայումս գործող համակարգն, օրինակ, կիրառելի չէ անդամ-պետությունների լիազորությամբ (ընդհանուր կառավարման սխեմաներ) ծախսվող ԵՄ բյուջեի մոտ 80%-ի համար:

Այնպիսի դեպքերը, ինչպիսին էր, օրինակ, ՄԱԿ-ի «Սնունդ նավթի դիմաց» ծրագրի հետ կապված սկանդալային պատմությունը, ընդգծում են միջազգային կազմակերպություններում կոռուպցիայի արդյունավետ կանխարգելման պահանջը: ԵՄ-ն պետք է ավելի շատ ջանքեր գործադրի իր ֆինանսական շահերը պաշտպանելու և հարկատուների միջոցների վատնում թույլ չտալու ուղղությամբ:

«ԹԻ»-ն, մասնավորապես, առաջարկում է.

- Կասեցման մեխանիզմների կանխարգելիչ պոտենցիալն ուժեղացնելու նպատակով պետք է հրապարակվեն դրանց ցանկերը և մանրամասները:
- Կասեցման ցանկերում որևէ ընկերության ներառումը կամ հանելը պետք է իրականացվի համապատասխան ընթացակարգերի հիման վրա:
- Կասեցումն ինքնաբերաբար ուժի մեջ է մտնում դատարանի կողմից դատավճռի հրապարակման պահից: Այն դեպքում, երբ չնայած բացակայում է դատավճիռը, սակայն հաստատված է կոռուպցիայի փաստը, կասեցման գործընթացը պետք է իրականացվի հստակ սահմանված չափանիշների հիման վրա:
- Համակարգի կայունությունը և հաշվետվողականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ուսումնասիրել կասեցման գործառույթները Եվրոպական հանձնաժողովում կենտրոնացնելու հնարավորությունները:

Առաջարկները ձևակերպվել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» և Չարաշահումների դեմ պայքարի եվրոպական գրասենյակի կողմից հունվարի 23-24-ը կազմակերպված կլոր սեղանի արդյունքում, որին մասնակցել են ԵՄ պաշտոնատար անձինք, գործարար աշխարհի ղեկավարներ և այլ փորձագետներ: