Համերաշխություն Բելառուսին՝ Հայաստանի քաղաքացիական հասարակությունից
Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, վստահ ենք, որ Բելառուսի քաղաքացիները պետք է կարողանան ազատորեն իրացնել իրենց իրավունքները․
- փոխել կառավարությունը ԵԱՀԿ չափանիշների վրա հիմնված ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով,
- խաղաղ ցույցեր և ազատ հավաքներ իրականացնել իրենց ընտրական և մարդու իրավունքների պաշտպանության համար և դրանց խախտումների դեմ,
- չենթարկվել բռնությունների և կամայական ազատազրկումների,
- ունենալ տեղեկատվության և մամուլի լիակատար ազատություն:
Մենք դատապարտում ենք քաղաքական ընդդիմադիրների և նրանց աջակիցների նկատմամբ նախընտրական հետապնդումները, վաղ քվեարկության ընթացքում և ընտրությունների օրը դիտորդների կողմից արձանագրված խախտումները, այդ թվում՝ դիտորդների կամայական ազատազրկումը և նրանց աշխատանքի խոչընդոտումը, քվեարկության արդյունքների կեղծումը, հետընտրական ձերբակալությունները, ինչպես նաև ոստիկանության կողմից անհամաչափ և չարդարացված ուժի կիրառումը, որի հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել և հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։
Հայաստանի ժողովրդավարությունը և զարգացումը բռնի կերպով կասեցվել են բազմաթիվ կեղծված ընտրություններով։ 2008 թ․ ժողովրդի քվեարկության նմանատիպ կեղծման և հանրային դժգոհության բռնի լռեցման արդյունք էր պետության լայնածավալ զավթումը, անպատժելիության, կոռուպցիայի և մարդու իրավունքների համակարգային խախտումների խորացումը։ Միայն 2018 թ․ տեղի ունեցած հեղափոխության միջոցով Հայաստանի ժողովուրդը կարողացավ վերականգնել արդարությունը, սակայն մինչ օրս՝ երկու տարի անց, դեռ պայքարում է բռնության և կոռուպցիայի մնացորդների դեմ։
Լիարժեք համերաշխություն հայտնելով Բելառուսի ժողովրդին` մենք ողջունում ենք նրանց ուժեղ կամքը, ոգին և պատրաստակամությունը՝ պաշտպանելու սեփական իշխանություն ընտրելու իրենց լեգիտիմ իրավունքը, վերականգնելու իրենց արժանապատվությունը, իրավունքներն ու արդարությունը։
Մենք պահանջում ենք Բելառուսի գործող նախագահից.
- ապահովել ընտրական գործընթացի անկախ վերանայումը և ձայների վերահաշվարկը,
- անհապաղ դադարեցնել քաղաքական ընդդիմադիրների և խաղաղ ցուցարարների հետապնդումը,
- ազատել բոլոր քաղբանտարկյալներին։
Հայտարարությունը բաց է միանալու համար
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
- Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
- Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
- Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
- Հանրային լրագրության ակումբ
- «Խաղաղության Երկխոսություն» ՀԿ
- Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
- «Իրազեկ քաղաքացիների միավորում»
- Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
- Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
- Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
- «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
- «Վելես» իրավապաշտպան ՀԿ