«Ազատություն» ռադիակայանը անդրադարձել է ՀՀ վարչապետի խոսքին՝ մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության 2019թ. ծրագրի կատարողականը ներկայացնելիս, համաձայն որի՝ Հայաստանում անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը չի լուծվել։ Ըստ այդմ, իր կառավարության ամենամեծ ձախողումը վարչապետը համարել է նաև ժողովրդից գողացված փողերի վերադարձի գործընթացը և կոռուպցիայի դեմ պայքարում անհաջողությունները:

«Ազատության» հետ զրույցում, արձագանքելով վարչապետի ելույթին, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում բավականին համեստ արդյունքներ են արձանագրված՝ Հայաստանում կոռուպցիան դեռ շարունակում է լուրջ խնդիր մնալ.- «Սոցիալ-տնտեսական իրավիճակը, այսինքն` ժողովրդի կենսամակարդակը, տնտեսական համակարգը այնպիսին չեն, որ ունենանք իսկապես կառավարելի և ցածր մակարդակի կոռուպցիա երկրում»:

Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով 42 արժեքով 2019 թվականին 2018-ի համեմատ 7 կետով բարելավել է իր ցուցանիշը՝ գրավելով 77-րդ հորիզոնականը՝ այդ ցուցանիշով տարածաշրջանում զիջելով միայն 44-րդ հորիզոնականը զբաղեցնող Վրաստանին։

Վաշինգտոնում գործող Freedom House-ի փորձագետները մայիսի 6-ին հրապարակած ամենամյա զեկույցում նշել են. «Հայաստանում հարկավոր է լուրջ ներդրումներ իրականացնել օրենքի գերակայությունն ու անկախ հաստատություններին աջակցություն ապահովելու նպատակով: Խոսքը մասնավորաբար դատական համակարգի և ոստիկանության համապարփակ բարեփոխումների մասին է»։

Սկզբնաղբյուրը՝ «Ազատություն» ռադիակայանի կայքէջ