Հեղափոխությունից հետո առանձին քաղաքական ու հասարակական գործիչներ, ինչպես նաև իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ բարձրաձայնել են անցյալին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին։ Մի քանի իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ, որոնց թվում էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, պահանջում էին գնահատական տալ, իրենց բնութագրմամբ, պետության զավթմանը։ Սակայն այս առաջարկները արձագանք չունեցան։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի կարծիքով՝ քաղաքական գնահատականը խորհրդարանում է ներկայացվում։ «Ես կարծում եմ՝ ընտրված Ազգային ժողովի կողմից ընդունումը բավարար կլինի, որպեսզի ճանաչվի այդ պետության զավթումը, և որը հիմք կտա հետագա փոփոխությունների համար», - «Ազատության» հետ զրույցում ասել է Այվազյանը։

Սոնա Այվազյանն անընդունելի է համարում, որ իշխանությունը քարոզարշավի կեսից փոխում է հանրաքվեի դրվող հարցի կոնտեքստը։ «Եթե դա արվեր շատ ավելի վաղուց և նախապես պլանավորվեր և հատուկ այդ ամբողջը դրվեր, միգուցե կլիներ ողջամիտ, բայց հիմա այդ մի կետի հետ բերել, միացնել, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չի», - ընդգծել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենը։

Սկզբնաղբյուրը՜ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջ
Տեսանյութը` 2:09 րոպեից