Հայտարարություն կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ
Երևան, 9 դեկտեմբերի 2019թ.
2019 թվականի սկիզբը նշանավորվեց հավասար, մրցակցային և ազատ ընտրությունների միջոցով ձևավորված խորհրդարանի աշխատանքների մեկնարկով և գործադիրի կազմավորմամբ, որի հետագա գործունեությունը հաստատեց կոռուպցիայի դեմ պայքարում հստակ քաղաքական կամքի առկայությունը:
2019 թվականի երկրորդ կեսին արձանագրվեց հակակոռուպցիոն քաղաքականության առաջ մղման որոշակի գործընթաց, որը ձևավորեց անհրաժեշտ իրավական ու ինստիտուցիոնալ համակարգի հիմքերը։ Մասնավորապես.
- հունիսի 24-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվեց հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը, որը նախատեսված է ծառայելու որպես կոռուպցիայի դեմ պայքարի համակարգման ու քննարկումների հիմնական հարթակ.
- հոկտեմբերի 3-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվեց 2019-2023 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը, որով ուրվագծվեց ընդհանուր հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը և առաջարկվեցին բավականին հավակնոտ գործողություններ.
- հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվեց դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը, որով նախատեսվում են արմատական փոփոխություններ` միտված հակակոռուպցիոն պայքարի համար վճռորոշ դերակատարում ունեցող ինստիտուտների՝ դատարանների, դատախազական ու քննչական մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև անցումային արդարադատության իրականացմանն ուղղված գործուն քայլեր.
- նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի կողմից ձևավորվեց և սկսեց գործել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որի ընդլայնված գործառույթների արդյունավետ իրականացման պարագայում կարող է էականորեն կանխարգելվել կոռուպցիան.
2019թ. ընթացքում մշակվեցին մի շարք իրավական ակտերի նախագծեր («Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին», «Կուսակցությունների մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և այլ), որոնք նախատեսում են կոռուպցիայի դեմ պայքարի համար բարենպաստ իրավական միջավայրի ձևավորում:
Տարվա ընթացքում իրավապահ մարմինները շարունակեցին կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ուղղված ակտիվ գործողությունները, որոնք սկսել էին 2018 թվականի հեղափոխությունից հետո: Հարկ է նկատել, որ այս ընթացքում եղել են ինչպես նախկին վարչակարգի, այնպես էլ ներկա իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործարքների հետ կապված աղմկահարույց բացահայտումներ:
Հիմնվելով տարվա ընթացքում առկա տարբեր հրապարակումների վրա` կարելի է պնդել, որ կոռուպցիան Հայաստանում դադարել է համակարգային լինելուց, կամ, առնվազն, զգալիորեն թուլացած են այն գործոնները, որոնք այդ երևույթին տալիս են համակարգային բնույթ: Էապես նվազել են մենաշնորհների և օլիգոպոլիաների գերիշխանության վարչական և քաղաքական լծակները, կրճատվել է ստվերը, աճել է համախառն ներքին արդյունքը: Չկան լուրջ և արժանահավատ փաստեր, որոնք կվկայեն խոշոր գործարարների հետ քաղաքական իշխող վերնախավի սերտաճման մասին: Չկան հրապարակումներ, որոնք կմատնանշեին պետական կառավարման համակարգում կոռուպցիոն բուրգի առկայության կամ գործարարների նկատմամբ համատարած և համակարգված հարկային շորթումների մասին:
Միևնույն ժամանակ, դեռևս վաղ է պնդել, որ կոռուպցիան Հայաստանում դադարել է լինել լուրջ մարտահրավեր և, առավել ևս, երկրի զարգացման վրա վճռորոշ բացասական ազդեցություն ունեցող գործոն: Մտահոգիչ է այն, որ հեղափոխությանը հաջորդող առաջին իսկ տարում զգալի թիվ են կազմում կոռուպցիոն հանցագործությունների մասին ԶԼՄ-երի հրապարակումները և իրավապահ մարմինների պաշտոնական հաղորդագրությունները, ինչը հավաստում է, որ որոշակիորեն շարունակում են գործել նախկին կոռուպցիոն սխեմաները և արատավոր գործելաոճը: Իրավիճակը վտանգավոր է այն առումով, որ պարարտ հող է ապահովում համակարգային կոռուպցիայի վերադարձի համար, իսկ հասարակության մտածողության ու վարքագծի փոփոխությունը՝ դիմակայելու տվյալ արատին, երկար ժամանակ է պահանջում: Կոռուպցիոն առանձին սխեմաների գործողությունը կարող է լրջորեն խաթարել վերը նշված հակակոռուպցիոն նորաստեղծ ու ստեղծվելիք կառույցների աշխատանքը և հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման արդյունավետությունը:
Ի լրումն սրա, ցավոք, նկատվում են իներցիայով շարունակվող կամ ներկա իրավիճակում նորովի դրսևորվող որոշ երևույթներ, որոնք վտանգի տակ են դնում կառավարության հակակոռուպցիոն պայքարի հավակնությունները և տեղիք տալիս նոր կասկածների ու հիասթափությունների:
Մասնավորապես, մտահոգիչ են պետական ու համայնքային ղեկավարության ոչ թափանցիկ և ոչ հաշվետու գործելակերպի դրվագները, երբ հանրությունից գաղտնի են պահվել պարգևավճարների հետ կապված որոշումները՝ ՀՀ Ազգային ժողովի և կառավարության պարագայում, կամ գործարարների հետ ունեցած պայմանավորվածությունները և ստացված գույքը՝ Երևանի քաղաքապետարանի պարագայում:
Անհանգստացնող են հանրային գնումների գործընթացներում մեկ անձից գնումների ծավալների աճը և այնպիսի մատակարարների ընտրությունը, որոնց սեփականատերերն, ըստ լրատվամիջոցների, կապված են ներկա իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Առհասարակ, խիստ խնդրահարույց են շահերի բախման շարունակական ու թարմ դրսևորումները, դրանց անտեսումը և/կամ կասկածելի հովանավորչությունը: Կոռուպցիայի կանխարգելման հիմնական գործիքը շահերի բախման կանխումը և/կամ կառավարումն է, ուստի տվյալ երևույթի նկատմամբ դրսևորած հանդուրժողական վերաբերմունքը ստեղծում է հիմքեր կոռուպցիոն գործարքների համար և խոցելի դարձնում կառավարման նոր մշակույթի ներդնումը:
Հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության գործում առանցքային գործոն է բարեփոխումների և ստանձնած հանձնառությունների իրականացման տեմպը: Հապաղումների արդյունքում ակնհայտ կերպով ուժգնանում է կոռումպացված խմբերի դիմադրությունն ու դիմադրողականությունը և վտանգում հեղափոխության հակակոռուպցիոն ու ժողովրդավարական օրակարգը:
Ներկա իրավիճակում կարևորագույն նշանակություն են ձեռք բերում բոլոր մարմիններում, բայց առավելապես դատական և իրավապահ մարմիններում նախատեսվող արմատական բարեփոխումները, որոնք միտված են պաշտոնյաների բարեվարքության ապահովմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ու հանրային վստահության բարձրացմանը: Այս համատեքստում ընկալելի չեն Սահմանադրական դատարանի ճգնաժամի հանգուցալուծման ձգձգումները, և տարիներ շարունակ կեղծված ընտրությունները վավերացնող դատարանի անդամների շարունակվող պաշտոնավարումը:
Վճռորոշ նշանակություն ունի հեղափոխության արժեքներին դավանող, գիտակ, գաղափարական, կառավարման հմտություններ և համարձակություն ունեցող ու փոփոխություններ նախաձեռնող ղեկավար կադրերի ընտրությունը և, որ կարևոր է, նրանց պահպանումը կառավարման համակարգում: Առկա համակարգերը բավականին արատավոր են, և նոր, նույնիսկ գաղափարական կադրերը կարող են կլանվել կամ հարմարվել դրանց, իսկ չհարմարվողները՝ անարդարացիորեն դուրս մղվել:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից վարվող հակակոռուպցիոն քաղաքականությունը՝ հույս ենք հայտնում, որ ջանքերը չեն սահմանափակվի միայն նախատեսված ռազմավարություններն ու միջոցառումներն իրականացնելով, այլև կձգտեն էապես փոխել կառավարման և քաղաքական մշակույթը բոլոր ոլորտներում: Հեղափոխությունն առաջնորդած քաղաքական ուժից ակնկալվում են հեղափոխական լուծումներ: Փոփոխությունները պետք է լինեն ամենուրեք, հիմնավոր և անհապաղ: