«Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով քաղաքացիներից խլված գույքը պետք է վերադարձվի ապօրինի հարստացած պաշտոնյաների հաշվին. ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյան. lragir.am
lragir.am: Երևանի կենտրոնի կառուցապատման ծրագրերն ընդունվել են փակ դռների հետևում մի քանի պաշտոնյաների կողմից գաղտնի համաձայնությունների արդյունքում՝ ակնհայտորեն ոչ հանուն պետության շահի: Սա պետության զավթման դասական դրսևորում է: Այս մասին Ազգային ժողովում անցկացվող «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասել է ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: Դեռևս 2012թ. ԹԻՀԿ-ը ներկայացրել է կարծիք Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման գործընթացի կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ:
Այս գործընթացի պատասխանատուն այդ տարիներին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ով երբեք չի էլ թաքցրել իր բացառիկ ոգևորությունը այդ բիզնես նախագծերի նկատմամբ: «Կարծում ենք, որ առկա փաստերը պետք է հիմք հանդիսանան քրեական գործերի հարուցման համար: Անհրաժեշտ է տալ քաղաքական գնահատական պետության զավթման այս առանձին դրսևորմանը՝ դրանով ստեղծելով հիմքեր, որպեսզի ապագայում նման գործընթացներն իսպառ բացառվեն»,- ասել է նա: Անօրինական գործողությունների հետևանքով քաղաքացիներից խլված գույքը, ըստ Սոնա Այվազյանի, պետք է վերադարձվի նրանց: Եվ այդ ամենը պետք է արվի ապօրինի հարստացած պաշտոնյաների հաշվին:
Ըստ նրա՝ խիստ կասկածելի են եղել երկրի ղեկավարության կողմնակալ հարաբերությունները կառուցապատողների հետ: «Կառուցապատողներին մեծահոգաբար տրամադրվել էր քաղաքացիների հնարավորինս ցածր գներով բռանգրավված գույքը: Կառավարությունը չարաշահել է հողային օրենսգքրով իրեն տրված հայեցակարգային լիազորությունը և Երևանի կենտրոնի կառուցապատման մեծածավալ ու խոշոր ներդրումներ պահանջող ծրագրի իրականացման իրավունքը՝ առանց որևէ պաշտոնական հիմնավորման և առանց մրցույթի հանձնել մի քանի ընկերությունների: Համարյա բոլորն անհայտ, առանց պատմության, իսկ որոշ դեպքերում նաև կասկածելի ծագում ունեցող ընկերություններ էին դրանք»,- ասաց նա: