Սեպտեմբերի 16-ին Միացյալ Թագավորություն ուսուցողական այցի շրջանակում Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) պատվիրակությունը, որի կազմում է ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, հյուրընկալվել է Միացյալ Թագավորության կառավարության Գործարարության, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության վարչությունում։ Ուսուցողական այցի հիմնական նպատակն իրական սեփականատերերի բացահայտման ՄԹ-ի առաջավոր փորձի ուսումնասիրությունն է։

Պատվիրակության անդամները մասնակցել են աշխատաժողովի, որի ընթացքում ՄԹ Գործարարության, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության վարչությունից և Ընկերությունների պալատից տեղեկացել են Միացյալ Թագավորության ընկերությունների իրական սեփականատերերի ռեգիստր հիմնելու, իրավական կարգավորումների, ռեգիստրի վարման փորձի մասին:

Հայաստանի պատվիրակության անդամներն ուսումնասիրել են ՄԱԹ ռեգիստրի տեխնիկական բնութագրիչները, առցանց և թղթային տարբերակներով տվյալների ներկայացման գործընթացները, ներկայացված տվյալների ստուգման ներդրված պրակտիկան։ Վարչության ներկայացուցիչները ներկայացրել են նաև ընթացիկ բարեփոխումները և ոլորտում սպասվող միջազգային զարգացումները։

Միացյալ Թագավորություն ուսուցողական այցը կազմակերպվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Աջակցություն գլոբալ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրականացմանը Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում։

Սկզբնաղբյուրը` ԱՃԹՆ կայք