«Ականատես»-ն ամփոփել է Արցախի ՏԻՄ ընտրությունների դիտորդության ընթացքը
Ստեփանակերտ, 2019 թ. սեպտեմբերի 9, ժամը 12:00
Արցախի Հանրապետությունում 2019 թ. սեպտեմբերի 8-ին կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք ընդհանուր առմամբ ընթացել են խաղաղ մթնոլորտում և քաղաքացիները հնարավորություն են ունեցել իրացնել իրենց ընտրական իրավունքը։ Առավել տարածում գտած խախտումները կրել են ոչ միտումնավոր և չհամակարգված բնույթ, իսկ լուրջ խախտումներն ու միջադեպերը եղել են դրվագային։
Ընդհանուր տվյալներ
«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացրել է Արցախի Հանրապետությունում 2019 թ. սեպտեմբերի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրվա գործընթացների դիտարկում։
«Ականատես»-ը ներգրավել է 103 դիտորդ, 53-ը Արցախից՝ որպես տեղական և 50-ը՝ Հայաստանից՝ որպես օտարերկրյա հասարակական կազմակերպության դիտորդական առաքելության դիտորդներ։
Դիտորդներից 80-ը 40 տեղամասում հսկել են քվեարկության օրվա ողջ գործընթացը՝ սկսած առավոտյան ժամը 07:00-ին քվեարկության նախապատրաստման փուլից մինչև արդյունքների ամփոփման ավարտը։ Դիտարկումն իրականացվել է Ստեփանակերտում և Ասկերանի, Հադրութի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջանների 4 քաղաքային և 15 գյուղական համայնքներում։
Դիտորդներից 23-ն ներգրավվել է որպես շրջիկ դիտորդ՝ 10 խմբում, որոնք այցելել են լրացուցիչ 81 տեղամաս և դիտարկել են իրավիճակն ինչպես տեղամասային կենտրոններում, այնպես էլ՝ դրանց հարող տարածքներում։
Երեկոյան 20:00-ից մինչև 02:30՝ 6 դիտորդ ներկա են գտնվել Ստեփանակերտում, Ասկերանում և Մարտունիում տեղակայված 3 տարածքային ընտրական հանձնաժողովներում՝ դիտարկելով ընտրական փաթեթների ստացումը և տվյալների աղյուսակավորումը։
Դիտորդական առաքելությանը աջակցել է Ստեփանակերտում տեղակայված համակարգող խումբը, որը ներառել է 8 համակարգող, 8 օպերատոր և 8 իրավաբան։
Նախապատրաստման փուլ
Տեղամասերի նախապատրաստումն, ընդհանուր առմամբ, անցել է խաղաղ պայմաններում, և խնդիրներ դիտարկվել են միայն առանձին տեղամասերում։
Դիտարկված ընտրատեղամասերի 75%-ը դժվարամատչելի է եղել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների համար։ Արցախի օրենսդրությամբ սահմանված շարժասայլակով քվեարկության հնարավորության ապահովման պարագայում, տվյալ կարգի 3 խախտում է նկատվել մեկ տեղամասում:
Երեք տեղամասում քվեախցիկները տեղադրված են եղել այնպես, որ հնարավորություն են տվել խախտելու քվեարկության գաղտնիությունը: Որպես կանոն՝ դիտորդների առաջարկով խնդիրը լուծվել է, բացի Նորագյուղի դպրոցում գտնվող թիվ 29 տեղամասից, որտեղ դիտորդի առաջարկով խնդիրը լուծվելուց հետո կահավորումն ի վերջո վերադարձվել է նախկին խնդրահարույց ձևաչափի՝ տվյալ դպրոցի տնօրեն հանդիսացող հանձնաժողովի անդամի գործողությունների արդյունքում։ Այնուհետ, օրվա ընթացքում, շրջիկ դիտորդների կողմից արձանագրվել են կահավորման խնդիրներ ևս 12 տեղամասում։ Կահավորանքի հետ կապված խնդիրների մեծ մասը պայմանավորված են եղել տեղամասերի տարածքների անհաջող ընտրությամբ։
Մեկ դեպքում քվեատուփը կապարակնքված չի եղել, սակայն այս խնդիրը լուծվել է դիտորդի առաջարկով։ Մեկ տեղամասում չհրկիզվող պահարանը գտնվել է ոչ թե քվեարկության, այլ կողքի սենյակում, իսկ մեկում, որպես չհրկիզվող պահարան, օգտագործվել են քվեարկության սենյակում գտնվող գրապահարանի դարակները: Մեկ այլ տեղամասում չհրկիզվող պահարանը գտնվել է տեղամասային կենտրոնից դուրս գտնվող գրասենյակում: Երկու տեղամասում հանձնաժողովը սկսել է իր աշխատանքները առանց քվորումի։
Համատարած է եղել վիճակահանության անցկացման կարգի խախտումը և, համապատասխանաբար, տեղամասերի մեծ մասում չեն պահպանվել Արցախի օրենսդրությամբ սահմանված վիճակահանության և հերթափոխի կանոնները։ Տվյալ խնդիրը, դիտարկման համաձայն, հիմնականում պայմանավորված է եղել Արցախի Հանրապետության ընտրական օրենսդրության թերություններով և հակասություններով։
Դիտարկված տեղամասերի մեծ մասը բացվել է ժամանակին։
Քվեարկության ընթացք
Քվեարկությունն ընդհանուր առմամբ ընթացել է խաղաղ մթնոլորտում և խախտումները հիմնականում կրել են տեխնիկական և ոչ միտումնավոր բնույթ։
Տեղամասերից 2-ում օրվա ընթացքում բազմաթիվ անգամ եղել են հոսանքի անջատումներ, լուսավորությունն ապահովվել է մոմերի և լապտերի միջոցով, ինչի արդյունքում տեղ է գտել դեպք, երբ ընտրողները քվեարկել են քվեախցիկներից դուրս՝ պատուհանի մոտ՝ պատճառաբանելով, որ լուսավորությունը չի բավարարում։
Տեղամասերից 14-ում դիտարկվել է ընտրողների նախաձեռնությամբ բաց քվեարկության 1-3 դեպք, և 3 տեղամասում՝ 4-10 դեպք։ Երեք տեղամասում արձանագրվել է քվեարկության գաղտնիության միտումնավոր խախտման 1-3 դեպք։ Ընտանեկան քվեարկություն դիտարկվել է 22 տեղամասում, որից 11-ում՝ 1-3 դեպք, 7-ում՝ 4-10 դեպք, իսկ 4-ում՝ 11 և ավելի դեպք։ Ընտրողների օգնելու կարգի խախտման դեպքերի քանակը 5 տեղամասերում եղել է 1-3 դեպք, և 1 տեղամասում՝ 4-10 դեպք։ Մեկ անգամ թույլատրվել է քվեարկել առանց անձը հաստատող պատշաճ փաստաթղթի։ Տասը տեղամասերում նկատվել են ուղղորդման 1-3 դեպք։ Կողմնակի անձանց ներկայություն արձանագրվել է 10 տեղամասում։
Թեև բացահայտված միջադեպերի սակավությանը, դիտարկված տեղամասերում արձանագրված երևույթները բավականին խնդրահարույց են և ենթակա են առանձնահատուկ ուշադրության։
Երկու տեղամասում օրվա ընթացքում զգալի երկար ժամանակով բացակայել է հանձնաժողովի անդամների մեծ մասը։ Մոտ 10-15 րոպե Ստեփանակերտի թիվ 3/5 տեղամասում՝ երեք, իսկ Ասկերանի շրջանի Նորագյուղի թիվ 29 տեղամասում՝ մեկ հոգի է միայնակ իրականացրել հանձնաժողովի բոլոր անդամների գործառույթները։
Նորագյուղի դպրոցում տեղակայված թիվ 29 տեղամասում ընտրական հանձնաժողովի մի քանի անդամ գործել են շահերի բախման իրավիճակում։ Ընտրական հանձնաժողովի նախագահը՝ Նորագյուղի դպրոցի փոխտնօրեն Մուշեղ Վլադիմիրի Հայրապետյանը, գտնվելով հանձնաժողովի անդամի՝ նույն դպրոցի տնօրեն Էրիկ էդուարդի Վարդանյանի ենթակայության և ազդեցության տակ, դրսևորել է բացարձակ անգործություն և աչք փակել բազմաթիվ իրավախախտումների վրա։ Հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Վանյա Հակոբի Պետրոսյանը, փոխկապակցված է եղել գյուղապետի թեկնածու Վլադիմիր Հակոբի Պետրոսյանի հետ (եղբայր), իսկ իր որդին եղել է նույն թեկնածուի վստահված անձը։ Վանյա Հակոբի Պետրոսյանի մյուս եղբայրը՝ Վալերի Հակոբի Պետրոսյանը հանդես է եկել որպես Ասկերանի «Բերդ» ՓԲԸ լրագրող, և որոշ ժամանակահատված փոխարինել է քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամին՝ նրա բացակայությամբ իրականացնելով հանձնաժողովի անդամի գործառույթները։
Քվեարկության գործընթացում ակտիվորեն ներգրավվել են համայնքի ղեկավարի թեկնածուները, այդ թվում՝ գործող պաշտոնակատարները կամ նրանց ներկայացուցիչները՝ այդպիսով խախտելով օրենսդրության պահանջները։ Այսպես, նկատվել են օրենքի խախտումներ Հադրութի շրջանի Մարիամաձոր համայնքի և Մեծ թաղեր համայնքի ղեկավարների թեկնածուի, Ստեփանակերտի ավագանու թեկնածուի, ինչպես նաև Շուշի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի որդու կողմից, մասնավորապես՝ նրանց ոչ իրավաչափ ներկայությունը ընտրատեղամասերում կամ դրանց հարակից տարածքում։
Ստեփանակերտի 3/7 տեղամասում վստահված անձը ներխուժել է քվեախցիկ՝ ստուգելու, թե ում օգտին է քվեարկում տեսողության խնդիրներ ունեցող ընտրողը՝ նրա առաջարկությամբ իրեն օգնող անձի միջոցով, ինչը սակայն տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից գնահատվել է ոչ թե որպես ապօրինի արարք, այլ վստահված անձի իրավունք։ Դիտորդի գնահատականը գրանցվել է գրանցամատյանում։
Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքի թիվ 10 տեղամասային հանձնաժողովի նախագահ Յուրիկ Միքայելի Միրզոյանը գտնվել է ոչ սթափ վիճակում, թույլ է տվել ընտրողների և մեքենաների կուտակումներ տեղամասի մոտ, կողմնակի անձանց տևական ներկայություն տեղամասում, ընտրատեղամասում ճաշկերույթ է կազմակերպել թեկնածուների մասնակցությամբ։ Նա քվեաթերթիկները դուրս է բերել տեղամասից, հանձնել տեղամասային կենտրոնի մոտ գտնվող մեքենայում գտնվող անձանց, և այնուհետ վերադառնալով տեղամաս՝ գցել է քվեաթերթիկները քվեատուփի մեջ։ Արձանագրվել է Յ․Միրզոյանի թողտվությամբ քաշքշոցի միջադեպ տեղամասային կենտրոնին հարող տարածքում։
Արդյունքների ամփոփում
Քվեարկության և տեղամասերի փակման գործընթացներն, ընդհանուր առմամբ, անցել են խաղաղ, սակայն արձանագրվել է մի քանի միջադեպ։
Ստեփանակերտի թիվ 2/4 տեղամասում արդյունքների ամփոփման հաջորդականությամբ նախատեսված գործողությունները, մասնավորապես քվեաթերթիկների մարումը, հիմնական և լրացուցիչ ցուցակներում ստորագրությունների հաշվարկը տեղամասային հանձնաժողովի կողմից իրականացվել են միաժամանակ մի քանի հոգու կողմից: Միևնույն ժամանակ, չի փակվել և չի կնքվել մարված քվեաթերթիկների փաթեթը:
Ճարտարի թիվ 19/1 ընտրատեղամասում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեատուփի պարունակությունը դատարկել է սեղանին և հանձնաժողովի բոլոր անդամները միասին սկսել են դասավորել քվեաթերթիկները։
Ստեփանակերտի թիվ 3/2 ընտրատեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա է եղել ոստիկանության ծառայող, իսկ հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ հարցին լուծում չի կարող տալ։ Կապ է հաստատվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ, ինչի արդյունքում խնդիրը լուծվել է և ոստիկանության ծառայողը լքել է տեղամասը։
Մարտունու շրջանի Գիշի համայնքի թիվ 8/5 ընտրատեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում քվեաթերթիկների հաշվարկից հետո հանձնաժողովի անդամները չիմացության պատճառով սկսել են մարել վավեր քվեաթերթիկները, ինչը դադարեցվել է դիտորդի ահազանգի հիման վրա ԿԸՀ միջամտության արդյունքում, երբ արդեն իսկ մարվել էին համայնքի ավագանու ընտրության համար առանձնացված բոլոր վավեր քվեաթերթիկները։
Մարտունու շրջանի Հերհեր համայնքի թիվ 18 ընտրատեղամասում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո պարզվել է, որ երկու թեկնածուները հավաքել են հավասար թվով ձայներ և հանձնաժողովի նախագահը, երկու թեկնածուների հետ միասին, ուղևորվել են Մարտունի՝ ընտրատարածքային հանձնաժողովում վիճակահանություն իրականացնելու համար: Քվեարկության պարագաները տարածքային հանձնաժողով ներկայացվել են չփաթեթավորված, ինչպես նաև չի կազմվել արդյունքների ամփոփման արձանագրություն: Տարածքային հանձնաժողովն էլ իր հերթին հետ է ուղարկել տեղամասային հանձնաժողովի անդամներին տեղամաս՝ արդյունքների ամփոփումն ավարտելու համար՝ հրաժարվելով ընդունել ներկայացվող նյութերը։ Տեղամասային հանձնաժողովի անդամները վերադարձել են տեղամաս՝ նպատակ ունենալով կատարել նաև թեկնածուների միջև վիճակահանությունը: Նրանք կազմել են քվեարկության արդյունքների արձանագրությունները և տրամադրել դիտորդներին։ Այնուհետ տեղամաս է ժամանել տարածքային ընտրական հանձնաժողովի անդամը, ում հետ քննարկելով որոշվել է վիճակահանությունը իրականացնել տարածքային ընտրական հանձնաժողովում։ Հանձնաժողովի նախագահը կնքել է փաստաթղթերի փաթեթները և քարտուղարի հետ միասին պարկով ուղևորվել է տարածքային ընտրական հանձնաժողով:
Ստեփանակերտի 1/3 տեղամասում արդյունքների ամփոփման նիստն ընդհատվել է։ Հանձնաժողովի նախագահն ավարտելով առաջին քվեատուփի քվեաթերթիկների դասակարգումը հանգստանալու նպատակով դուրս է եկել ընտրատեղամասից, իսկ նրա ետևից դուրս են եկել հանձնաժողովի մյուս անդամները: Հանձնաժողովի նախագահը վերադարձել է շուրջ 3-5 րոպե անց, որի ընթացքում ընտրական փաստաթղթերն ու պարագաները մնացել են առանց հսկողության: Հանձնաժողովի անդամները վերադարձել են ավելի ուշ: Ընդհանուր առմամբ ամփոփման նիստն ընդհատվել է մոտ 10 րոպեով:
Ստեփանակերտի թիվ 3/5 ընտրատեղամասում արձանագրվել է, որ ամփոփման նիստի ժամանակ քվեաթերթիկների հաշվարկման ընթացքում հանձնաժողովի նախագահից բացի հանձնաժողովի երկու անդամներ ևս մասնակցել են քվեաթերթիկները քվեատուփից դուրս հանելու գործընթացին։ Խախտումները վերացվել են դիտորդի կողմից հանձնաժողովի նախագահին դիմելուց հետո։
Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի թիվ 4 տեղամասում ժամը 20։00-ին ընտրատեղամասը փակելուց հետո հանձնաժողովը մոտ 45 րոպե ճաշի ընդմիջում է արել, հետո նոր սկսել ամփոփման գործընթացը։
Ընդհանուր դիտարկում
Հարկ է արձանագրել, որ «Ականատես» դիտորդական առաքելությունն, ինչպես քվեարկության օրը, այնպես էլ կազմակերպչական աշխատանքներում արժանացել է բարյացակամ վերաբերմունքի։ Տեղի է ունեցել մեկ դեպք, երբ խոչընդոտվել են դիտորդի իրավունքները։ Մասնավորապես, Ստեփանակերտի թիվ 1/7 տեղամասում դիտորդին արգելվել է ազատ տեղաշարժվել ընտրատեղամասում։
Ընտրախախտումների զգալի մասը պայմանավորված է եղել տեղամասային հանձնաժողովների անդամների չիմացությամբ։ Ընդհանուր առմամբ, բացակայել է խախտումների կատարման դիտավորությունը, խախտումները չեն ունեցել կազմակերպված բնույթ։
_________________________________________________________________________________
«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ), ««Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» (ԺԱԱ) հասարակական կազմակերպությունների, «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և Արցախում՝ «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպության կողմից։
«Ականատես»-ի նպատակն է նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությանը: «Ականատես»-ը գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ քաղաքական ուժի օգտին կամ դեմ:
Արցախի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Ականատես» դիտորդական առաքելությունը հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական աջակցությամբ:
Հրապարակման բովանդակության համար պատասխանատու է «Ականատես» նախաձեռնությունը, և իր անդամ կազմակերպությունները, և այն չի արտացոլում դրամաշնորհատուների պաշտոնական տեսակետները:
«Ականատես» դիտորդական առաքելությունն իր երախտիքի խոսքն է ուղղում ընտրությունների դիտարկման գործընթացում ներգրավված դիտորդներին, համակարգողներին, իրավաբաններին և օպերատորներին, որոնց ակտիվ մասնակցության և նվիրված աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ապահովել դիտորդական նախաձեռնության արդյունավետ և որակյալ աշխատանքը: