Տեղի է ունեցել «ՔՀԿ-ների հաշվետվության ստանդարտներն ու պրակտիկան» թեմայով քննարկում
Մայիսի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հաշվետվության ստանդարտներն ու պրակտիկան» թեմայով հետազոտության արդյունքների ներկայացում և քննարկում:
Հանդիպմանը մասնակցել են ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոն»-ի (ECNL, Հունգարիա) ծրագրի խորհրդատու Լյուբեն Պանովը, ԹԻՀԿ «Առաջընթացի դիտարկում գործողության խրախուսում» ծրագրի փորձագետ Տաթևիկ Մարգարյանը: Քննարկմանը ներկա են եղել նաև ավելի քան երեք տասնյակ առաջատար ՔՀԿ-ների, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը հանդես է եկել բացման խոսքով և նշել, որ Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքը, որն ընդունվել է 2016 թ., նախատեսել է թափանցիկության և հաշվետվողականության լրացուցիչ մեխանիզմ հանրային միջոցներ օգտագործող ՀԿ-ների համար, սակայն ՊԵԿ-ը վերջերս առաջարկել է նոր նախագիծ, ըստ որի հաշվետվության այս պահանջը տարածվելու է բոլոր ՀԿ-ների վրա: «Պետական եկամուտների կոմիտեն իրականացնում է ֆինանսական վերահսկողություն հարկային մասով: Նոր օրենքով ՀԿ-ների գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ի լրումն հարկային վերահսկողության, ևս դրվել է ՊԵԿ-ի վրա, այսինքն՝ ՊԵԿ-ը դարձել է վերահսկող մարմին և հանդես է գալիս բոլոր ՀԿ-ների նկատմամբ վերահսկողություն իրականացնող օրենքի նախաձեռնությամբ: Նշեմ նաև, որ ՀԿ-ների շրջանում ևս կան տարբեր տեսակետներ հաշվետվություններ ներկայացնելու պահանջի վերաբերյալ։ Այս համատեքստում կարևոր է միջազգային փորձը: Այդ պատճառով հրավիրել ենք ECNL ներկայացուցչին` պարզելու, թե որն է օպտիմալ վերահսկողությունը», - ասել է Ս. Այվազյանը:
Միջոցառման ընթացքում ԹԻՀԿ գործընկեր «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոն» (ECNL, Հունգարիա) կազմակերպության ծրագրի խորհրդատու Լյուբեն Պանովը ներկայացրել է ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվությունների վերաբերյալ առկա միջազգային ստանդարտներն ու պրակտիկան:
Փորձագետը ներկայացրել է ՔՀԿ հաշվետվողականության միջազգային չափորոշիչներն ու գործելաոճը, մասնավորապես մեջբերել Բուլղարիայի, Խորվարթիայի, Չեխիայի, Էստոնիայի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի օրինակները: Լյուբեն Պանովը խոսել է հաշվետվությունների տեսակների մասին, այն է՝ որոշակի գործունեության ոլորտներում հաշվետվողականության պարտականություններ գործող կազմակերպությունների, թեմատիկ հաշվետվություններ բոլոր ՔՀԿ-ների համար, ընդհանուր հաշվետվություններ, որոնք միայն ՔՀԿ-ներին չեն վերաբերում, ընդհանուր հաշվետվություններ, որոնք միայն վերաբերում են ՔՀԿ-ներին կամ հանրային շահ ներկայացնող կազմակերպություններին, հատուկ հաշվետվություններ պետական ֆինանսավորում ստացողներին և այլն:
Միջազգային փորձագետը նաև հանգամանորեն անդրադարձել է միջազգային չափանիշներին և կարևորել մարդու իրավունքները, մասնավոր կյանքի իրավունքը, հավասար վերաբերմունքը, խտրականության բացառումը, իսկ վերոնշյալ իրավունքների սահմանափակումը փորձագետի համոզմամբ պետք է լինի միայն օրենքի սահմաններում և իրավաչափ:
Ուսումնասիրված երկրների փորձն ամփոփելուվ՝ բանախոսը նշել է, որ երկրների մեծ մասում ՔՀԿ-ների կողմից ներկայացվող հաշվետվությունները հիմնականում ֆինանսական բնույթի են, ընդ որում ՔՀԿ-ները պարտավոր են հրապարակային դարձնել իրենց ֆինանսական հաշվետվությունները: Կախված ՔՀԿ-ների ստացած հատուկ արտոնությունների տեսակից՝ պետական մարմինները կարող են պահանջել նաև նկարագրական հաշվետվություններ: Հրապարակվող տեղեկություններն ընդհանրացված են և անհատապես չեն բացահայտում դոնորներին կամ նվիրատվությունների հասցեատերերին: Նույնիսկ երբ կա նման պահանջ, դոնորը կամ ստացողը իրավունք ունի պահանջելու, որ իր անունը անհատապես չբացահայտվի:
Լյուբեն Պանովն ընդգծել է նաև, որ հստակ տարբերակում կա «հաշվետվողականության պարտավորությունների» և «հանրային բացահայտման պարտականությունների» միջև, և հանրային բացահայտման պահանջները ճիշտ չի լինի հիմնավորել ազգային անվտանգության ապահովման և անկարգությունների և հանցագործության կանխման նկատառումներով:
Լ.Պանովի ելույթին հաջորդել է մտքերի փոխանակում և քննարկում: Վերջինս պատասխանել է նաև քննարկման մասնակիցների հարցերին և արձագանքել հասարակական կազմակերպությունների մտահոգություններին:
Քննարկումն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում: Այն համաֆինասավորվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» ծրագրի կողմից։
Քննարկմանը ներդրում է ունեցել նաև ECNL ղեկավարմամբ իրականացվող նախագիծը, որը հնարավոր է դարձել «Ոչ առևտրային իրավունքի միջազգային կենտրոնի» (ICNL) միջոցով Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական տարածք նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում։