Տալինում ս.թ. մայիսի 29-30-ին կայացել է էլ-կառավարման ամենամյա կոնֆերանս` քննարկելու պետության առջև ծառացած մարտահրավերները թվային քաղաքացիների հետ համագործակցելիս և մայիսի 30-31-ին Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) աշխատաժողով` քննարկելու էլ-ժողովրդավարությունն ու էլ-մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև ԲԿԳ կուտակած փորձն ու մարտահրավերները: Որպես քաղաքացիական հասարակության անդամ, հայաստանյան պատվիրակության կազմում ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, էլ-կառավարման առաջատար փորձագետների, որոշում կայացնողների և շնորհատուների հետ մասնակցել է այդ միջոցառումներին:

Էլ-կառավարման ակադեմիայի կողմից կազմակերպված կոնֆերանսի նպատակն էր օգնել կառավարություններին զարգացնելու էլ-ծառայությունների օգտագործումը իմաստալից և ապագային միտված ձևով: Այն քննարկվել է չորս տեսանկյունից` թվային քաղաքացի, թվային իրավունքներ և ազատություններ, անձնականացված էլ-կառավարում, թվային հարթակներ թվային քաղաքացիների համար:

«Քաղաքացիների ներգրավումը որոշումների կայացմանը, Բաց կառավարմանը և ԵՄ արևելյան գործընկերությանը» աշխատաժողովը կազմակերպվել է Բաց Էստոնիա հիմնադրամի կողմից: Բաց կառավարման գործընկերությունը գերազանց կառուցվածք է ԵՄ հարևանության երկրներում ժողովրդավարության, թափանցիկության, իրավունքի գերակայության և բաց կառավարման առաջնահերթությունների առանցքային ոլորտներում բարեփոխումների ու ռազմավարական նպատակների առաջխաղացման համար: