«Կրթական քաղաքացիական նախաձեռնության» բաց նամակը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին
«Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքի կրթությանը և գիտությանը հասցվելիք վնասների չեզոքացման նպատակով ձևավորված ուսանողական շարժման՝ շուրջ երկու ամիս տևած պայքարը, կրկին բախվեց համակարգային անտարբերությանը:
Համապատասխան պետական մարմինների արձագանքը ստեղծված իրավիճակում չի կարող համարվել բավարար, քանի որ այդպես էլ որևէ լուրջ մասնագիտական ուսումնասիրություն չիրականացվեց կրթության ողջ համակարգին հարվածող այս փոփոխությունների հետևանքները գնահատելու ուղղությամբ, իսկ հանրային պահանջը հերթական անգամ անտեսվեց:
Կառավարության կողմից ուսանողների կառուցողական, խնդիրների լուծմանը միտված մի շարք առաջարկներ ուղղակի մերժվեցին, ինչի հետևանքով շարժման ներկայացուցիչներից Դավիթ Պետրոսյանը, պայքարի այլ ուղի չգտնելով, դիմեց հացադուլի և արդեն 5 օր շարունակ փորձում է այս ծայրահեղ միջոցով իր ձայնը հասանելի դարձնել պատկան մարմիններին: Մինչդեռ անգամ այս ծայրահեղ քայլը չի հանգեցնում կառավարության որևէ արձագանքի և գործնական քայլերի՝ ոտնահարելով սահմանադրորեն ամրագրված ժողովրդավարության սկզբունքը:
Հաշվի առնելով ստեղծված իրողությունը`
«Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը» («ԿՔՆ») կոչ է անում.
ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանին, ՀՀ կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանին և ՀՀ պաշպանության նախարար Վ. Սարգսյանին հրատապ արձագանքել հացադուլի մեջ գտնվող Դ. Պետրոսյանի պահանջներին, խնդրի առարկա հանդիսացող օրենքի շուրջ իրական քննարկումներ սկսել՝ ներգրավելով ակադեմիական, փորձագիտական և քաղաքացիական հասարակության առավել լայն և ներկայացուցչական շրջանակներ:
Պահանջում ենք, որպեսզի քննարկումների լայն դաշտ ստեղծվի և կասեցվեն օրենքի կիրարկմանն ուղղված բոլոր գործընթացները, մինչև ուսումնասիրություններ, հետազոտություններ չարվեն օրենքի հետևանքով կրթությանն ու գիտությանը հասցվող վնասների երկարաժամկետ ռիսկերը և դրանց հետևանքները գնահատելու, կառավարելիության մեխանիզմներ մշակելու ուղղությամբ:
«ԿՔՆ» անդամներ՝
Անահիտ Սիմոնյան
Գայանե Աբրահամյան
Գեմաֆին Գասպարյան
Վահրամ Սողոմոնյան
«ԿՔՆ» անդամ կազմակերպություններ՝
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
«Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ
«Թուխմանուկ» ՀԿ
Սույն նամակը բաց է միանալու համար