Ի՞նչ խնդրահարույց փաստեր է ԹԻՀԿ-ը բացահայտել «Հանքարդյունաբերության ոլորտում ընդերքօգտագործման իրավունքի և առնչվող թույլտվությունների տրման գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» հետազոտությունում: a1plus-ի հետ զրույցում ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշել է. «Մենք բացահայտել ենք այն համակարգային խնդիրները, որ գոյություն ունեն հանքարդյունաբերության` ընդերքօգտագործման իրավունքների տրման գործընթացում, որպեսզի այդ խնդիրներին լուծումներ տրվեն օրենսդրական կամ իրավակիրառ պրակտիկայի մեջ փոփոխություններ մտցնելու ճանապարհով: Խնդրահարույց են

  • ՇՄԱՓ և ընդերքաբանական փորձաքննության գործընթացը, որովհետև բնապահմպանության նախարարությունը, որի վրա է դրված այդ պարտականությունը, չունի կարողություններ, մեթոդաբանություն, պոտենցիալ, որպեսզի իրականացնի համակողմանի ուսումնասիրություն և գնահատական տա նպատակահարմարության վերաբերյալ: ԲՆ-ից ավելին պետք չէ ակնկալել, այլ պետք է մտածել այլ կառույցի ստեղծման մասին, որը կկարողանա ավելի համապարփակ մոտեցումով լուծում տալ այն խնդիրներին, որոնք լինում են տնտեսական ցանկացած գործունեության արդյունքում:
  • Տեղեկատվության ազատության, հանքավայրերի շահագործման հետ կապված խնդիրները փոփոխվում են ոչ թափանցիկ եղանակով, որոշ դեպքերում հասանելի չեն հանրությանը, որոշ տվյալներ որոշ հանքավայրերի համար տրամադրվում են, այլ հանքավայրերի համար չեն տրամադրվում:
  • Հանքարդյունաբերողները կարող են մուծումներ անել որոշակի հիմնադրամների, որոնք առնչվում են որոշում ընդունողների հետ: Այդ գումարների ազդեցությամբ նրանք կարող են ընդունել այլ որոշումներ:
  • Կան պաշտոնատար անձինք, որոնք տնօրինում են հանքարդյունաբերող ընկերություններ, եթե նույնիսկ իրենց անունով չեն գրանցել դրանք կամ հանձնել են հավատարմագրային կառավարման, միևնույն է`իրենք են տանիքը:
  • Հանքարդյունաբերող ընկերությունների կողմից իրական սեփականատերերի բացահայտումն այս պահին ԱՃԹՆ պահանջներից մեկն է: Հայաստանը քայլեր է ձեռնարկում, որ 2020 թ. մետաղական հանքավայրերի իրական սեփականատերերը բացահայտվեն»: