Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր. քաղաքացիների ձայներն աշխարհի տարբեր ծայրերից
Շարքային քաղաքացիները չափազանց հաճախ են կանգնած լինում կոռուպցիային դեմ հանդիման: Նրանցից կաշառք են պահանջում բժշկի մոտ ընդունելության, իրենց երեխաներին դպրոց տեղավորելու համար կամ ոստիկանությանը բողոք ներկայացնելիս: Եվ միշտ ամենից շատ տուժում են նրանք, ովքեր ամենից քիչ են ունակ կաշառք տալու:
Զարմանալի չէ, որ կոռուպցիայի մակարդակի չափումն ընկած է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների հիմքում: Թրանսփարենսի Ինթերնեշնլը նույնպես գտնում է, որ անհրաժեշտ են որակյալ տվյալներ: Դրա համար էլ կարևոր է հարցնել իրական մարդկանց, թե ինչպես են նրանք իրենց ամենօրյա կյանքում դիմագրավում կոռուպցիան:
Իրենց ամենօրյա կյանքում կոռուպցիային առնչվող քաղաքացիների անձնական փորձի վերաբերյալ աշխարհի ամենաընդգրկուն հարցումը` Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ) շարքի վերջին տվյալները ցույց են տալիս, թե ինչպիսի կոռուպցիոն դրսևորումների են առնչվում մարդիկ և որքան հեռու պետք է գնան պետությունները կոռուպցիայի դեմ պայքարում:
Կաշառքի մակարդակներն աշխարհում
Հարցմանը նախորդող վերջին 12 ամիսների ընթացքում աշխարհում 4-ից մոտավորապես 1-ը կաշառք է վճարել` օգտվելու համար որևէ տեսակի հանրային ծառայություններից:
Այսպիսով, զարմանալի չէ, որ հարցման մեջ ընդգրկված բոլոր երկրներում էլ հարցվածների մեծ մասը գտնում է, որ իրենց երկրների իշխանությունները բավարար հաջողությամբ չեն պայքարում կոռուպցիայի դեմ:
Հասարակ մարդիկ կարող են ինչ-որ բան փոխել
Լավ լուրն այն է, որ աշխարհում հարցվածների ավելի քան կեսը, և մանավանդ երիտասարդները, համաձայն են, որ հասարակ քաղաքացիները կարող են ինչ-որ բան փոխել:
Մինչև 24 տարեկան հարցվածների 58 տոկոսը նշել է, որ իրենք զգում են, որ ունակ են ինչ-որ բան փոխելու: Մինչև 55 տարեկան հարցվածների մեջ այդպես է կարծում նրանց կեսը:
Ոստիկանությունը և ընտրովի պաշտոնյաները նշվել են որպես ամենակոռումպացվածները
Հարցվածներին խնդրել էին նշել, թե որոնք են իրենց ընկալմամբ առավել կոռումպացված ինստիտուտները: Առաջին երկու տեղերը կիսել են ոստիկանությունը և ընտրովի պաշտոնյաները, որոնց դեպքում հարցվածների 36-ական տոկոսը գտնում էր, որ նրանք մեծապես կոռումպացված են:
Որքանով են կոռումպացված հասարակության տարբեր ինստիտուտները և խմբերը
Այստեղ առկա են տարածաշրջանային որոշ տարբերություններ.
- Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Անդրսահարյան Աֆրիկայում առավել կոռումպացված է ընկալվում ոստիկանությունը: Առաջին տարածաշրջանում այդպես է կարծում հարցվածների 39 տոկոսը, իսկ երկրորդում` 47 տոկոսը:
- Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանում ամենակոռումպացվածը համարվում են ընտրովի պաշտոնյաները: Այդպես է կարծում հարցվածների 31 տոկոսը:
- Հարցման մեջ ընդգրկված ամերիկյան մայրցամաքի երկրներում 46-ական տոկոսով որպես ամենակոռումպացված ընկալվում են ոստիկանությունը և ընտրովի պաշտոնյաները:
- Մերձավոր Արևելք – Հյուսիսային Աֆրիկա տարածաշրջանում 45-ական տոկոսով «առաջատարներն» են ընտրովի պաշտոնյաները, հարկային մարմինների պաշտոնյաները և պետական պաշտոնյաները:
Կաշառատվության մակարդակների տարբերություններն ըստ տարածաշրջանների
Հարցումն անցկացվել է աշխարհի 119 երկրներում և տարածքներում: Հարցազրույցներն անցկացվել են 162,136 չափահաս անձանց հետ 2014թ. մարտից 2017թ. հունվար ընկած ժամանակաշրջանում:
*****
2015-2017թթ. ընթացքում տարբեր ժամանակահատվածներում ԿՀԲ հարցումն անցկացվեց վերը նշված բոլոր հինգ տարածաշրջան/մայրցամաքներում, և նրանցից յուրաքանչյուրում դրա ավարտից և արդյունքներն ամփոփելուց հետո Թրանսփարենսի Ինթերնեշնլը առանձին-առանձին ներկայացրել էր այդ արդյունքները:
Հայաստանը ԿՀԲ այս հարցման ժամանակ ընդգրկված էր Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանում: Տարածաշրջանի հարցման արդյունքները Թրանսփարենսի Ինթերնեշնլը (ԹԻ) պաշտոնապես ներկայացրեց 2016թ. նոյեմբերին: Նույն օրը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), որպես ԹԻ պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում, իր կողմից կազմակերպած մամլո ասուլիսի միջոցով ներկայացրեց տարածաշրջանի, ինչպես նաև Հայաստանի, արդյունքները: Այդ ասուլիսի ժամանակ ներկայացված տվյալներին կարելի է ծանոթանալ ԹԻՀԿ-ի կայքում:
ԹԻՀԿ-ը, ունենալով արդեն բոլոր տարածաշրջան/ մայրցամաքների արդյունքները, որոշեց պարզել, թե արդյոք Հայաստանն իր արդյունքներով գլոբալ մասշտաբով հանդիսանում է առաջատարներից կամ հակաառաջատարներից մեկը: Ստացված պատկերը, դժբախտաբար, բավականին տխուր է: ԿՀԲ հարցաշարում ներառված այն 8 հարցերի, որոնց պատասխանել են բոլոր 119 երկրներում և տարածքներում, պատասխաններից երևում է, որ Հայաստանը դրանցից և ոչ մեկով առաջատար երկիր չէ: Ավելին, նա բացարձակ հակաառառաջատար է ըստ մի շարք ցուցանիշների, որոնք բացահայտում էր ԿՀԲ հարցումը: Ընդ որում, բոլոր այդ ցուցանիշներն այն ցուցանիշներն են, որոնք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացու կողմից իր դերի և տեղի ընկալմանը:
Մասնավորապես, հարցման մեջ ընդգրկված բոլոր 119 երկրների և տարածքների շարքում Հայաստանում են բոլորից շատ հարցվողներ գտնում, որ կոռուպցիոն դեպքերի մասին հայտնելը հասարակությունում սոցիալապես ընդունելի վարքագիծ չէ (77%): Հայաստանը համաշխարհային հակաառաջատար է նաև կոռուպցիոն դեպքերի մասին չբարձրաձայնելու (հարցվողների 67%-ը գտնում է, որ իրենք չեն բարձրաձայնի այն կոռուպցիոն դեպքերի մասին, որոնց հետ առնչվում են կամ վկա են) և կոռուպցիոն դեպքերի մասին վկայություն չտալու հարցերում (հարցվողների 73%-ը հայտարարում էր, որ իրենք դատարանում կոռուպցիոն հանցագործությունների մասին վկայություն չեն տա): Վերջապես, Հայաստանը Հունգարիայի հետ միասին կիսում է 2-3-րդ տեղերը կոռուպցիայի դեմ պայքարում շարքային քաղաքացու դեր չունենալու հարցում (հարցվողների 63%-ը կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում շարքային քաղաքացու ներգրավումը ոչինչ չի փոխի): Այստեղ համաշխարհային հակաառաջատարը Չեխիան է 64%-ով: