Ս.թ. մայիսի 23-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրի համակարգող Արմեն Գրիգորյանը Քիշնևում մասնակցել է «Մոլդովայի Հանրապետության ընտրական համակարգի բարեփոխման տարբերակներն ու նկատառումները. միջազգային փորձի համեմատություն» միջազգային կոնֆերանսին և ներկայացրել է ՀՀ ընտրական օրենսգիրքն ու դրա հնարավոր առնչությունը Մոլդովայի նոր ընտրական օրենսգրքի հետ:

Մեծ Բրիտանիայի, Լիտվայի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի, Նորվեգիայի և Ռումինիայի փորձագետների մասնակցությամբ ընթացող կոնֆերանսը կազմակերպվել էր «Պրոմո-Լեքս» ասոցիացիայի կողմից: Միջոցառման նպատակն էր խթանել Մոլդովայի ընտրական համակարգի փոփոխությանը միտված բանավեճ` համեմատելով տարբեր սոցիալական, քաղաքական, մշակութային և այլ համատեքստերում կիրառվող ընտրական համակարգերի ազդեցությունը: