Ս.թ. մայիսի 10-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը Բրյուսելում մասնակցել է «Շրջադարձային ընտրություններ. կուրսի փոփոխություն, թե՞ ստատուս քվոյի պահպանում» թեմայով քննարկմանը և ներկայացրել է դիտորդական առաքելության արդյունքները` անդրադառնալով ընտրակեղծարարության մեխանիզմներին ու ընտրական մթնոլորտին Հայաստանում, ինչպես նաև հանդես է եկել այն բարեփոխելու առաջարկություններով:

ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի և Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկման ընթացքում դիտարկվել է ՀՀ ԱԺ ընտրությունների կարևորությունը. ընտրություններ, որ առաջինն էին հանրաքվեի արդյունքում խորհրդարանական համակարգի անցնելուց հետո: Քննարկման ընթացքում դիտարկվել է քաղաքացիական հասարակության ազդեցությունը ընտրական գործընթացների բարելավմնան և քվեարկության հետևանքները` Հայաստանի ու տարածաշրջանի վրա:

Ըստ Սոնա Այվազյանի` չնայած ընտրակեղծարարության դեմ ձեռնարկված պայքարի միջոցներին` այն, ինչ տեղի ունեցավ ընտրությունների օրը, ընտրական գործընթացի և առհասարակ ընտրական ինստիտուտի լիակատար խեղաթյուրումն էր տարբեր ձևերով: Քաղաքացիներն ավելի ցինիկ են դարձել ընտրական ինստիտուտի հանդեպ, իրենց այցելությունը ընտրատեղամաս դիտարկում են ոչ թե որպես ժողովրդավարական իրավունքի իրացում, այլ զուտ որպես արարողակարգային գործողություն:

Նա նաև հիշեցրել է քաղաքացիական հասարակություն խոր մտահոգությունը 2015 թ. հանրաքվեի ժամանակ: Հաշվի առնելով բացահայտված ընտրախախտումների աննխադեպ մեծ թիվը, Այվազյանը նշել է, որ իր կարծիքով Վենետիկի հանձնաժողովը սխալնունք է թույլ տվել հավանության արժանացնելով ՀՀ կառավարության անցումը խորհրդարանական համակարգի:

Տես ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի կայք էջը և Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի ֆեյսբուքյան էջի տեսանյութը և կայք էջը