Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (ԺԸԵՊ) դատապարտում է ՀՀ իշխանությունների մերժումը` հրավիրելու ԺԸԵՊ միջազգային քաղաքացի դիտորդների 2017 թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Իր հայաստանյան անդամ կազմակերպությունների` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի հետ մեկտեղ ԺԸԵՊ-ը խիստ բողոքում է ՀՀ կառավարության կամայական որոշման դեմ:

Մերժման պատճառն իբրև արդեն իսկ հավատարմագրված դիտորդների մեծ թիվն է, հետևապես լրացուցիչ միջազգային դիտորդների ներկայության կարիք չկա ընտրություններին: Թե՛ մերժումը և թե՛ դրա արդարացումը հակասում են Հայաստանի` որպես ԵԱՀԿ անդամ երկրի ԵԱՀԿ այլ երկրներից միջազգային դիտորդներ հրավիրելու պարտավորությանը, մասնավորապես այն համաձայնագրերին, որոնք հիմնված են 1990 թ. ԵԱՀԽ Կոպենհագենի փաստաթղթի վրա, որը հետագայում վերահաստատվել է ԵԱՀԿ Ստամբուլի փաստաթղթում և 2006 թ. Բրյուսելում ստորագրված ԵԱՀԿ նախարարների խորհրդի «ԵԱՀԿ արդյունավետության բարձրացումը» փաստաթղթի No. 19/06 որոշման (10-րդ կետ) մեջ: Մերժումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, քանի որ Հայաստանի կառավարությունը կարող է միջազգային դիտորդների ներկայությունը կարևոր ներդրում չհամարել ընտրական գործընթացները բարելավելու ուղղությամբ:

ԺԸԵՊ-ը կոչ է անում միջազգային հանրությանը, մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, Եվրամիությանը և Եվրոպայի խորհրդին` Հայաստանի իշխանությունների հետ առաջիկա հանդիպումների և բանակցությունների ժամանակ հաշվի առնել միջազգային քաղաքացի դիտորդների հավատարմագրման այս կամայական մերժումը: