«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է ԹԻՀԿ ընտրական ծրագրերի, մասնավորապես` վարչական ռեսուրսի չարաշահման մոնիտորինգի բացահայտումները` նշելով, թե դրանք ինչպես են արտացոլվում ընտրական օրենսգրքի փոփոխություններում: Ըստ Հոկտանյանի` նորմալ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամքի դրսևորում կարող է լինել վարչական ռեսուրսի չարաշահումից հրաժարվելը իշխանության կողմից, քանի որ վարչական ռեսուրսին տիրապետում է միայն իշխանությունը և բնականաբար` իշխող կուսակցությունը կամ կուսակցությունների կոալիցիան:

Հոկտանյանը նշել է, որ ԹԻՀԿ-ը հետևողական է լինելու վարչական ռեսուրսի չարաշահման խնդրին: «Որոշ դեպքերում նախընտրական շտաբները, դրանց աշխատակիցները օլիգարխների գրպաններից են ֆինանսավորվում, որը օրենքի դաշտում չի համարվում վարչական ռեսուրսի չարաշահում։ Սակայն, եթե դրան նայենք այլ տեսանկյունից, մասնավորապես, որ այդ օլիգարխների գումարները գոյացել են չվճարված հարկերի արդյունքում, հանգում ենք վարչական ռեսուրսի չարաշահման խնդրին։ Այդ գումարները պետք է բյուջեում լինեին, սակայն հայտնվել են օլիգարխների գրպանում։ Բայց սա արդեն այլ հարց է»,- ասել է Հոկտանյանը։

Տես «Առաջին լրատվական»-ի նյութը