Հայտարարություն ընտրական օրենսգրքի և դրա շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ
2016թ. մարտին ընտրական օրենսգրքի բարելավման նպատակով 4+4+4 պայմանական ձևաչափով մեկնարկած բանակցությունները, որոնք ժողովրդավարության դրսևորման հնարավորություն էին և կարող էին ստեղծել ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության հիմքեր, տապալվեցին: Իշխանություն-ընդդիմություն-քաղաքացիական հասարակություն կոնսենսուսը ձախողվեց իշխանությունների կողմից՝ ընտրակարգը բարելավելու քաղաքական կամքի բացակայության, ազնիվ երկխոսության կանոնների խախտման, ինչպես նաև առանձին հարցերում անզիջում դիրքորոշումների պատճառով: Այնուհետ, 2016թ. հունիսին, իշխանության և ոչ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչները համաձայնության եկան ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ, ինչի հիման վրա ՀՀ Ազգային ժողովի կողմից կատարվեցին համապատասխան փոփոխություններ ընդամենը մեկ ամիս առաջ ընդունված ընտրական օրենսգրքում և հայցվեց միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությունը՝ նախատեսվող մեխանիզմները կյանքի կոչելու համար: Չնայած վերջիններիս դրսևորած պատրաստակամությանը՝ օգնելու բարելավել ընտրական գործընթացները, այս հնարավորությունը ևս տապալվեց, առնվազն, իշխանությունների պատշաճ ջանադրության բացակայության պատճառով: Սույն փաստն ամրագրվեց ԿԸՀ 2016թ. օգոստոսի 29-ի արտահերթ նիստի հայտարարությամբ, որի հիմքում դրվել էր ՀՀ կառավարության պատասխանը տեխնիկական միջոցների ապահովման անհնարինության մասին:
Քաղաքացիական հասարակության տարբեր անդամներ բազմիցս ներկայացրել են մտահոգություններ, որ Հանրապետության ընտրական նոր օրենսգիրքը զգալի hետընթաց է 2011թ. ընդունած ընտրական օրենսգրքից ժողովրդի կամքի ազատ ձևավորման և արտահայտման, հավասար ընտրական իրավունքի ապահովման և արդյունավետ պաշտպանության, ընտրական գործընթացի թափանցիկության և հանրային վերահսկողության, ինչպես նաև այլ անձանց փոխարեն քվեարկությունների կանխարգելման միջոցների արդյունավետության առումով: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների լրջագույն մտահոգությունն են առաջացրել այնպիսի կարգավորումներ, ինչպիսիք են վարչական ռեսուրսի չարաշահման ու քրեաօլիգարխիկ հեղինակությունների ազդեցությունը երաշխավորող տարածքային ցուցակները, քաղաքական կոալիցիաների ձևավորման սահմանափակումները, դիտորդական առաքելությունների ու ԶԼՄ-ների իրավունքների սահմանափակումները և նրանց գործունեության համար լրացուցիչ խոչընդոտների ստեղծումը:
Վերոնշյալը հավաստում է, որ Հայաստանի իշխանությունները չունեն ընտրական գործընթացների նկատմամբ ժողովրդի վստահության վերականգնման և ընտրական իրավունքի արդյունավետ պաշտպանության նվազագույն երաշխիքների ստեղծման ուղղությամբ իրական գործողություններ կատարելու վճռականություն:
Անդրադառնալով իշխանությունների և Հայ ազգային կոնգրես կուսակցության միջև ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակման վերաբերյալ տեղի ունեցող բանակցություններին, հարկ ենք համարում նշել, որ այդ մեխանիզմն ինքնին չի կարող հանդիսանալ արդյունավետ միջոց ընտրական իրավունքի պաշտպանության տեսանկյունից, եթե չի համապատասխանում մի քանի սկզբունքային չափանիշների: Ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը կարող է ընդունելի համարվել առնվազն հետևյալ պայմանները բավարարելու դեպքում.
- Ընտրողների ցուցակները պետք է լինեն լիարժեք, ինչի համար պետք է վերականգնվեն նախկին օրենսդրական կարգավորումները՝ ներառյալ այդ ցուցակների բոլոր դաշտերի լրացման օրենքի պահանջը (անձը հաստատող փաստաթղթի համար, հաշվառման հասցե, ընտրողի ստորագրություն, հանձնաժողովի անդամի անհատական կնիք, այլ նշումներ).
- Քվեարկության մասնակիցների թիվը ընտրական տեղամասում հաշվարկելուց հետո ընտրողների ստորագրված ցուցակները պետք է տրամադրվեն ընտրությունների մասնակից կուսակցություններին և դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին, ինչպես նաև սկանավորվեն ու հրապարակվեն ԿԸՀ կայքում` որոնման, ներբեռնման և կայքից տպագրման հնարավորությամբ և դա պետք է համարվի պաշտոնական հրապարակում.
- Ընտրողների ստորագրված ցուցակների հասանելիությունը պետք է ապահովվի ողջամիտ ժամկետներում, որպեսզի երաշխավորվի դրանց հիման վրա արդյունավետ բողոքարկման հնարավորությունը.
- Այլ անձանց փոխարեն քվեարկելու հիմքով դիմումներով ապացուցման բեռը պետք է կրի պետությունը և գործի դնի իր բացառիկ տնօրինության տակ գտնվող անհրաժեշտ բոլոր միջոցները, ինչպես օրինակ՝ ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգը՝ ՀՀ սահմանը դեպի դուրս հատելու փաստը ստուգելու նպատակով: Կառավարությունը պետք է երաշխիքներ տրամադրի առ այն, որ հիշյալ համակարգը և/կամ կիրառվող մյուս միջոցները լիարժեքորեն բավարար են այլ անձանց փոխարեն քվեարկության դեպքերի արդյունավետ ստուգումների համար, իսկ այդպիսի ստուգման անհնարինության դեպքում կրի դրա բացասական հետևանքների պատասխանատվությունը:
Կարևորելով հանդերձ ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը որպես անհրաժեշտ մեխանիզմ այլ անձանց փոխարեն քվեարկությունը կանխարգելելու արդյունավետության տեսանկյունից՝ արձանագրում ենք, որ ընտրական օրենսգրքի բազմաթիվ հիմնախնդիրները և դրանց լուծում տալու առնչությամբ իշխանությունների համառ դիմադրությունը այս պահին գործնականում գրեթե անհնարին են դարձնում ազատ ու արդար ընտրությունների անցկացումը և ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով իշխանության ձևավորումը Հայաստանում:
Ընտրությունների նկատմամբ հանրային վստահության վերականգնման որևէ հույս սերմանելու նպատակով անհրաժեշտ է անհապաղ վերացնել հանրային վերահսկողության սահմանափակումները, դիտորդների և ԶԼՄ-ների իրավունքները վերադարձնել առնվազն նախորդ ընտրական օրենսգրքի մակարդակի կարգավորումներին, սահմանել դիտորդների բացահայտումների պաշտոնական արձանագրման ընթացակարգ և դիտորդական կազմակերպություններին ընձեռել հնարավորություն` բողոքարկելու օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումները: Մասնավորապես, բոլոր շահագրգիռ անձանց, այդ թվում՝ ընտրողներին և դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին, պետք է տրամադրվեն քվեարկության արդյունքները բողոքարկելու հնարավորություն և առավել ընդգրկուն երաշխիքներ:
Որպես ընտրական օրենսդրության խախտումների կանխարգելման և պատժի նպատակների արդյունավետությունն ապահովելու միջոց, ընտրական համակարգի առողջացմանն ուղղված պետական քրեական քաղաքականության շրջանակներում իշխանությունը պետք է հրաժարվի որևէ դեպքում ընտրակարգի և ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների համար դատապարտված անձանց համաներման միջոցով քրեական պատժից ազատելու պրակտիկայից: Բացի դրանից, պետք է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի ընտրական հանցագործություններին վերաբերող հոդվածներով նախատեսված պատժամիջոցները, մասնավորապես՝ վերացնելով տուգանքի տեսքով նշանակվող պատիժները և երկարացնելով ազատազրկման ժամկետները, ինչպես նաև ամրագրել լրացուցիչ պարտադիր պատիժներ՝ սահմանափակելով պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքը (օրինակ՝ 3-5 տարի ժամկետով): Բացի դրանից պետք է վերականգնվեն այն հոդվածները, որոնց 25.05.2016թ.-ի փոփոխությունների արդյունքում քրեական պատասխանատվությունը մեղմացվել է կամ որոնք ուժը կորցրած են համարվել:
Ընտրական գործընթացների կազմակերպման և օրինականության ապահովման բոլոր տեխնիկական և մյուս երաշխիքները պետք է լինեն հանրային հսկողության ներքո, և պետութունը պետք է ապահովի դրանց բավարար թափանցիկությունը:
Ընտրակեղծարարության դեմ արդյունավետ միջոցների կիրառման նպատակով պետք է ստեղծվի Հայաստանում քվեարկության ընթացքում քաղաքացիների ներկայության ստուգման տեղեկատվական կենտրոն/շտեմարան, որը կներառի Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող քաղաքացիների տվյալներն՝ ըստ ՍԷԿՏ համակարգի կողմից տրամադրված տեղեկատվության և վարչական բողոքի քննության արդյունքում կատարված ճշտումների: Շտեմարանի տվյալներից օգտվելու հնարավորություն պետք է ունենան բոլոր շահագրգիռ կողմերը:
Ընտրական հանձնաժողովների (և ընտրատարածքային, և տեղամասային), ինչպես նաև ընտրական գործընթացի շրջանակում ձևավորվող այլ մարմինների անդամների ընտրությունը պետք է իրականացվի հրապարակային և թափանցիկ ընթացակարգերով՝ որակավորում ստանալու և մրցույթներին մասնակցելու հավասար հնարավորություններ ստեղծելով բոլորի համար:
«Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» հիմնադրամ
«Երևանի մամուլի ակումբ» ՀԿ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ
«ԽորանԱրդ» ինտելեկտուալ ՀԿ
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Երեխաների հասարակություն» մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն ՀԿ
«Լոռեցիների միավորում» ՀԿ
«Իրավունքի գերակայություն» ՀԿ