ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքագետ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի համակարգող Արմեն Գրիգորյանը անդրադարձել է Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, Ռուսաստանի դերակատարությանը այդ հարցում, բանակցային գործընթացին, ներքաղաքական խնդիրներին, հայ հանրության ընկալումներին ու դիրքորոշումներին, ապրիլյան պատերազմի հետևանքներին, պատերազմի վերսկսման հավանականությանը:

Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ Ռուսաստանը ակտիվ դեր է ստանձնել ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում, և այն պայմանավորվածությունները, որոնց մասին խոսում են, միանշանակ Կազանյան փաստաթղթին են վերաբերում: Արագ լուծում չի լինի: Ըստ Գրիգորյանի՝ քաղաքացիական պատերազմի առաջ կանգնելու վտանգ չկա, եթե իշխանությունը փորձի միակողմանի զիջումների գնալ, քանի որ այստեղ պետական կառավարման համակարգն ամեն ինչ վերահսկում է. «Ժողովուրդը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում դեմ է հողեր հանձնելուն, և եթե իշխանությունը որոշի դա իրականություն դարձնել, ապա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Քաղաքացիական պատերազմ չի լինի, քանի որ նման ուժեղ բանակ և 30 հազար ոստիկան ունեցող երկրում դժվար է նման բան պատկերացնել, հնարավոր են ճգնաժամեր, որոնք կհաղթահարվեն»: Ճնշում կարող է լինել ոչ համակարգի ներսից՝ հանրության կողմից:

Ռուսաստանում չեն ընկալում Հայաստանում Ռուսաստանի հանդեպ նոր ձևավորվող և ձևավորված դիրքորոշումները և շարունակում են նույն «կացնային» տարբերակով աշխատել: Երբ հարցնում են, թե ինչու է Ռուսաստանը, լինելով Հայաստանի դաշնակից երկիր, զենք վաճառում Ադրբեջանին, պատասխանում են, որ շուկան ազատ է: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց մեր պաշտպանական համակարգի թույլ կողմերը: Պատերազմ վերսկսելու դեպքում առաջնագծում կանգնած զինվորականներն ու հրամանատարությունը հիմնականում պատրաստ են դիմակայելու՝ իրենց անձնազոհության միջոցով: Մեր պաշտպանությունը տեղի է ունեցել հիմնականում Ուրֆանյանենց, Աբաջյանենց դիրքում կատարված սխրագործության շնորհիվ: Երբ երկու կողմերը ավելի շատ են խոսում պատերազմի մասին, պատրաստվում են, պատերազմի հավանականությունը իջեցվում է, նաև հաշվի առնելով բանակցային գործընթացում ակտիվ պրոցեսը: Սակայն ինչ-որ պահի Ալիևը կարող է որոշել ռազմական ճանապարհով հարցը լուծել: