Հայտարարություն ՀՀ ոստիկանության բարեփոխումներին միջազգային աջակցության արդյունավետության վերաբերյալ
ԵԱՀԿ գրասենյակը Երևանում գործում է 1999 թ.-ից ի վեր՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանին իրականացնելու ԵԱՀԿ սկզբունքներն ու հանձնառությունները երեք՝ ռազմաքաղաքական, տնտեսական ու բնապահպանական և մարդու իրավունքների ու ժողովրդավարության ուղղություններով: ԵԱՀԿ-ն օժանդակում է ՀՀ կառավարությանը՝ զարգացնելով շահագրգիռ կողմերի կարողությունները ազգային մակարդակով և նպաստելով ԵԱՀԿ հաստատությունների ու համապատասխան պետական կառույցների միջև տեղեկատվության փոխանակմանը:
Ոստիկանության բարեփոխումների ոլորտում ԵԱՀԿ-ն նպատակ ունի օգնել Հայաստանին վերափոխելու ոստիկանության ուժերը՝ իր քաղաքացիներին ժամանակակից և հաշվետու ծառայություն մատուցելու համար՝ համայնքային ոստիկանության հայացեկարգը ամբողջ երկրում ներդնելու, ոստիկանության և հասարակության միջև համագործակցությունը ամրապնդելու և ոստիկանության աշխատակիցներին այնպիսի խնդիրների շուրջ վերապատրաստելու միջոցով, ինչպիսիք են հասարակական կարգի պահպանումը, հանրային կապերը և հաշվետվողականությունը:
Սկսած 2003-2004 թվականներից, երբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ներգրավվեց ոստիկանության բարեփոխումներում և, մասնավորապես, 2008 թվականից, երբ նրա աջակցությունն ուղղվեց հավաքների ընթացքում հասարակական կարգի պահպանության խնդրին, հայ ժողովուրդն ականատես է ոստիկանների աստիճանաբար ահագնացող ագրեսիվ ու ապօրինի պահվածքին: Այս ընթացքում հարյուր հազարավոր քաղաքացիներ զրկվել են խաղաղ հավաքների՝ իրենց իրավունքի իրացման հնարավորությունից, իսկ հարյուրավորներն ապօրինի կալանավորվել են և ենթարկվել ֆիզիկական բռնությունների:
Վերջին օրերին, 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից Երևանի Էրեբունի վարչական շրջանում տեղակայված ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա իրականացված զինված հարձակմանը հաջորդող իրադարձությունների ժամանակ՝ ոստիկանական զորքերի բռնությունները հասան իրենց գագաթնակետին՝ հիշեցնելով 2008 թ. մարտի 1-ին ոստիկանական ուժերի կողմից իրականացված օպերացիան, երբ նախագահական կեղծված ընտրությունների դեմ ընդվզող ՀՀ քաղաքացիների բողոքի ցույցը դաժանորեն ցրվեց: «Սասնա ծռեր» խմբի պահանջն է քաղաքական բանտարկյալների ազատումը և ՀՀ նախագահի հրաժարականը: Այս պահանջը կիսում են բազմաթիվ մարդիկ, ովքեր խորապես հիասթափված են երկրում տիրող լայնածավալ կոռուպցիայի, սոցիալական անարդարության, աղքատության ու արտագաղթի, ինչպես նաև կառավարման համակարգը ընտրությունների միջոցով փոխելու անհնարինության պատճառով՝ հաշվի առնելով դրանց շարունակական կեղծումը: Շատերը երկրի ապագան փրկելու որպես վերջին հնարավորություն տեսնում են զինված ապստամբությունը, ուստի գնալով ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են միանում քաղաքացիական ակցիաներին՝ ի պաշտպանություն ապստամբների:
Ի պատասխան ապստամբների պահանջներին սատարող քաղաքացիների խաղաղ գործողությունների՝ ՀՀ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ և բռնություն: Ոստիկանությունը զինվել է վահաններով, մահակներով, հրազենով, ինչպես նաև` օգտագործել քարեր, արցունքաբեր գազ, պայթուցիկներ ու գազային նռնակներ անզեն քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանները կիրառել են խաղաղ ցուցարարներին սադրող մարտավարություն, վնասել են ու բռնագրավել ապստամբների համակիրների գույքը, ահաբեկել են ու հայհոյել, կիրառել են ֆիզիկական ուժ և դաժան բռնություն, խոշտանգել են ու ստորացրել մարդկանց: Հարյուրավոր մարդկանց կալանավորվել են առանց համապատասխան իրավական հիմքի և ժամերով պահվել անազատության մեջ՝ առանց սննդի ու բուժօգնության: Տասնյակ մարդիկ՝ թե՛ քաղաքացիներ և թե՛ ոստիկաններ, ստացել են մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց: Դեպքերի առցանց ուղիղ հեռարձակումները և բոլոր տեսանյութերն ավելի քան բավարար ապացույց են հաստատելու տալու, որ ոստիկանությունը չափազանց մեծ ուժ է գործադրել Էրեբունի վարչական շրջանում, Ազատության հրապարակում, ինչպես նաև ապստամբների և նրանց գործընկերների բնակարաններում:
Ոստիկանությունը որպես ինստիտուտ կոչված է պաշտպանելու ժողովրդին՝ ապահովելով օրենքի գերակայությունը և հասարակական կարգի պահպանությունը, մինչդեռ Հայաստանում այն վերածվել է մի հսկա պատժիչ կառույցի, որը զենք է կիրառում անզեն քաղաքացիների դեմ՝ պաշտպանելով իշխանություններին ու նրանց քաղաքական կամ տնտեսական շահերը, կատարելով նրանց ապօրինի հրամանները և տապալելով ժողովրդավարական գործընթացները: Ոստիկանության բյուջետային և արտաբյուջետային ծախսերը 2007 թվականից մինչ 2015-ն աճել են ավելի քան 5 անգամ: Ոստիկանության ծառայողների քանակի ուռճացումն ու ժամանակակից սպառազինումն, ուժի անհամաչափ կիրառման սովորական դարձած պրակտիկան, ոստիկանության ծառայողների ապօրինություններն ու դրանց անպատժելիությունը Հայաստանը վերածել են «ոստիկանապետության»՝ այն աստիճանի, որ վերջին օրերին պետական բոլոր ինստիտուտների լռության ֆոնին՝ ՀՀ ոստիկանությունը, կարծես, հանդիսանում էր միակ գործող ինստիտուտը, որին հանձնված էր բոլոր հարցերն «իր ձևով» լուծելու լիազորությունը:
Վերոնշյալ իրավիճակը, բնականաբար, առաջադրում է մի շարք հարցեր ՀՀ ոստիկանությանն օժանդակող միջազգային կառույցներին և, հատկապես, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին: Մասնավորապես,
- 2008-ից ի վեր որքա՞ն աջակցություն է տրամադրվել Հայաստանին ոստիկանությունը ժամանակակից ու հաշվետու կառույց դարձնելու համար և բարելավելու ոստիկանության համայնքային ծառայության որակը, և կատարվե՞լ է արդյոք դրա արդյունավետության մակարդակի գնահատում:
- Որքանո՞վ են ՀՀ ոստիկանական կառույցների ներկայիս գործողությունները համապատասխանում ԵԱՀԿ անվտանգության և ոստիկանական ծառայությանն առնչվող արժեքներին և նախատեսված բարեփոխումներին:
- Որքանո՞վ են ծախսված ռեսուրսները համարվում արդյունավետ՝ այն դեպքում, երբ դրա ոստիկանության գործելաոճում 2008-ից ի վեր չի արձանագրվել որևէ դրական փոփոխություն:
- Ի՞նչ կարծիք ունի ԵԱՀԿ-ն ՀՀ ոստիկանության լիազորությունների այդչափ ընդլայնման և «ոստիկանապետության» ձևավորման կապակցությամբ, և ի՞նչպիսի քայլեր են ձեռնարկվել կանխելու նման զարգացումները և ապահովելու ոստիկանության գործունեության համապատասխանությունը ժողովրդավարական սկզբունքներն:
Ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ Հայաստանում ոստիկանական համակարգի բարեփոխմանն ուղղված ԵԱՀԿ, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների կողմից գործադրված ջանքերը ձախողվել են:
Այս համատեքստում, պահանջում ենք ժամանակավորապես դադարեցնել ոստիկանության ոլորտին հատկացվող ողջ միջազգային աջակցությունը, քանի դեռ լրջորեն չի վերանայվել ոստիկանության դերը Հայաստանի կառավարման համակարգում: