ՀՀ Ազգային ժողովի
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ
տիկին Էլինար Վարդանյանին
և հանձնաժողովի անդամներին

ՀՀ արդարադատության նախարար տիկին Արփինե Հովհաննիսյանին

Համաձայն գործող օրենսդրության, հասարակական միավորումն իրավունք ունի դատական կարգով պաշտպանելու միայն իր՝ որպես իրավաբանական անձի և իր անդամների իրավունքները: ՀԿ-ն կամ հիմնադրամը իրավասու չէ իր գործունեությունից բխող՝ հանրային շահերի պաշտպանության հայց ներկայացնելու դատարան, մինչդեռ ՀՀ սահմանադրական դատարանի, ինչպես նաև այլ պետական և միջազգային կառույցների կողմից վաղուց ամրագրվել է այդ իրավունքի օրենսդրական ձևակերպման անհրաժեշտությունը: Հանրային շահերի պաշտպանության հայցով հասարակական միավորումների կողմից դատարան դիմելու իրավունքն ամրագրելու համար անհրաժեշտ է լրացումներ կատարել երկու իրավական ակտերում՝«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում, ինչպես նաև համապատասխան ոլորտային օրենսդրության մեջ:

Նշված իրավական ակտերում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-906 որոշման, Հայաստանի միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի 180-րդ կետով սահմանված օրենսդրական բարեփոխումների իրականացման՝ պետության պարտավորության հետ: Այս առաջնահերթությունը բխում է ինչպես հանրային կյանքում հասարակական կազմակերպությունների դերի հզորացումից, այնպես էլ՝ թելադրված է Հայաստանի որդեգրած եվրաինտեգրման քաղաքականությամբ: Մասնավորապես, Եվրոպական Միության հարևանության քաղաքականության համաձայն, Գործընկեր պետությունները պետք է ապահովեն քաղաքացիական հասարակության մասնակցությունը որոշումների կայացմանը՝ որպես «իրապես գործող ժողովրդավարական համակարգի հիմնասյուն»:

Հիմնախնդրի օրենսդրական կարգավորման անհրաժեշտության մասին է վկայում նաև այն, որ խնդրո առարկայի վերաբերյալ ձևավորվել է խիստ իրարամերժ դատական պրակտիկա: Նույն գործով կայացվել են ՀՀ վճռաբեկ դատարանի երկու իրարամերժ որոշումներ, որոնք երկուսն էլ ստորադաս դատարանների համար ունեն նախադեպային նշանակություն (ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2009 թվակնի թիվ ՎԴ/3275/05/08 որոշում և ՀՀ վճռաբեկ դատարանի 01 ապրիլի 2011թ. թիվ ՎԴ/3275/05/09 որոշում): Եթե սրան գումարենք նաև ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, ապա ակնհայտ է դառնում, որ առանց նորմատիվային կարգավորման իրավունքների համարժեք պաշտպանության հնարավորությունն անհնարին է դառնում՝ առաջացնելով կամայական մեկնաբանությունների և կոռուպցիոն ռիսկերի անկառավարելի դաշտ:

Իրականացված միջազգային փորձի ուսումնասիրությունը ևս վկայում է, որ գրեթե բոլոր Եվրամիության երկրների ու նաև Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ այս կամ այն չափով ամրագրված է հասարակական միավորումների կողմից հանրային շահերի դատական պաշտպանության իրավունքը:

Այսպիսով, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորված է հետևյալ փաստերով՝

  1. ՀՀ սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 7-ին ընդունած ՍԴՈ-906 որոշմամբ սամանել է, որ հասարակական միավորումներին հնարավորություն է ընձեռվում հանդես գալու որոշակի խմբի կոլեկտիվ իրավունքների պաշտպանությամբ, եթե այդ պաշտպանությունը տվյալ հասարակական կազմակերպության կոնկրետ նպատակների շրջանակներում է: Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը սահմանել է նաև, որ հետագա օրենսդրական զարգացումները պետք է ընթանան վերոհիշյալ իրավական դիրքորոշման հաշվառմամբ:
  2. ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների կատարման վիճակի վերաբերյալ 2012 թվականի տարեկան հաղորդման համաձայն ՀՀ վճռաբեկ դատարանն իր 01.04.2011թ. ՎԴ/32/75/05/09 որոշմամբ յուրովի է մեկնաբանել ՀՀ սահմանադրական դատարանի 07.09.2010թ. ՍԴՈ-906 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն, ինչը նշանակում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը այս հարցի առնչությամբ ձևավորել է սխալ նախադեպային պրակտիկա:
  3. 2012 թվականի հոկտեմբերի 29-ի՝ ՀՀ նախագահի NՆԿ-159-Ն հրամանագրով հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի 180-րդ կետով սահմանվել է հասարակական կազմակերպությունների վարչական-դատավարական իրավասուբյեկտության հիմնախնդրի վերաբերյալ օրենսդրական բարեփոխումների իրականացման կարևորությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերի իմպլեմենտացիայի անհրաժեշտությունը:
  4. 2013 թվականի հուլիսի 16-ին ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կազմում գործող՝ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն կայացրել է ACCC/C/2011/62 որոշումն այն մասին, որ ՀՀ կառավարության և ՀՀ բնապահպանության նախարարության որոշումները վիճարկող «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացրած դատական հայցը վարույթ չընդունելով Հայաստանի կառավարությունը խախտել է Օրհուսի կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ կետը: Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն Հայաստանի կառավարությանն առաջարկել է փոփոխություններ մտցնել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում և Վարչական դատավարության օրենսգրքում՝ հստակորեն ամրագրելով հասարակական կազմակերպությունների՝ վարչական մարմինների գործողությունները դատական կարգով վիճարկելու իրավունքը:

Վերոնշյալից հետևում է, որ հանրային իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտության հարցում առկա է խիստ հակասական դատական պրակտիկա (նույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի երկու՝ միմյանց հակասող նախադեպային որոշումներ): Այսօրինակ նախադեպային պրակտիկայի պայմաններում ՀԿ-ների դատական մատչելիության հարցում հիմնավոր կանոնակարգում կարող է արվել միայն նորմատիվային կարգավորման պարագայում:

Նշենք նաև, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի աշխատանքային տարբերակներում նշված հիմնահարցի համար տրված էր կոնկրետ իրավակարգավորում (16-րդ հոդված, 2-րդ մաս), որը որոշակի խմբագրումից հետո կարող էր լիովին համապատասխանել ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշմանը և Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի առաջարկություններին:

Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին առաջարկում ենք՝

ա/ հանձնաժողովի օրակարգում գտնվող «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման գործընթացում հստակ նորմատիվային կարգավորման ենթարկել հանրային իրավունքների (շահերի) պաշտպանության հարցերով հասարակական կազմակերպությունների դատական մատչելիության հիմնահարցը;

բ/ հիմնահարցի կարգավորման համար համապատասխան փոփոխություններ կատարել՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի ներկայացված նախագծում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում՝ միասնական փաթեթով քննարկման ներկայացնելու համար:

Ի հավելումն նշենք, որ հասարակական միավորումների դատական մատչելիության վերաբերյալ սկզբունքային դրույթը ՀՀ Ազգային ժողովին ներկայացված օրենքի նախագծից հեռացնելը խախտում է ՀՀ արդարադատության նախարարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ձեռք բերված փոխզիջումային համաձայնությանը:

  1. «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ
  2. «Ագաթ հատուկ կարիքներով կանանց կենտրոն» ՀԿ
  3. «Բանբիռ» ՀԿ
  4. «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» հիմնադրամ
  5. «Բիոսոֆիա» ՀԿ
  6. «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»
  7. «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
  8. «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ
  9. «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ
  10. ««Երաշխիք» քաղաքացիական հասարակության կենտրոն» ՀԿ
  11. «Երիտասարդների միացյալ գույներ» ՀԿ
  12. «Երևանի մամուլի ակումբ» ՀԿ
  13. «Էկոլոգիական իրավունք» ՀԿ
  14. «Էկոլուր» ՀԿ
  15. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
  16. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
  17. Թուֆենկյան հիմնադրամ
  18. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
  19. «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
  20. «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
  21. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ
  22. «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ
  23. «Lոռե էկո-ակումբ» ՀԿ
  24. «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ
  25. ««Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն» ՀԿ
  26. «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
  27. «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ
  28. «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
  29. «Կրթության ասպարեզ» ՀԿ
  30. «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ
  31. «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
  32. «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ
  33. ««Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա» ՀԿ
  34. «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ
  35. «Հասարակություն առանց բռնության» ՀԿ
  36. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
  37. «Հոգևոր Հայաստան» ՀԿ
  38. «Մենք պլյուս» ՀԿ
  39. «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
  40. «Մեր իրավունքների սահմանները» իրավապաշտպան ՀԿ
  41. «Միացյալ ուղի» ՀԿ
  42. ««Նոր հայացք» քաղաքացիական հասարակության կենտրոն» ՀԿ
  43. «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ
  44. «Սոցիալական արդարություն» ՀԿ
  45. ««Սոսե» կանանց հիմնահարցեր» ՀԿ
  46. «Սպիտակի հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
  47. «Ունիսոն» ՀԿ

Լրացուցիչ միացել է նաև «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն: