Ըստ Ազատություն ռադիոկայանի` հանրաքվեից մոտ մեկուկես ամիս առաջ պաշտոնանկ արվեց ընտրացուցակների թիվ մեկ պատասխանատուն՝ Անձնագրային և վիզաների վարչության պետ Միշա Սարդարյանը։ Նրան այդ պաշտոնում այսուհետ կփոխարինի Մնացական Բիչախչյանը: Սերժ Սարգսյանի իշխանավարության օրոք սա վարչության ղեկավարի արդեն 6-րդ փոփոխությունն է, ընդ որում, պաշտոնանկությունները և նոր նշանակումները կատարվել են հիմնականում համապետական ընտրությունների նախաշեմին: Ընդդիմությունը ուռճացված է համարում ցուցակները, ընտրություններ դիտարկող Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռոպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը առաջարկում է հետևել, ասենք, Ղրղզստանի փորձին ու ցուցակներում արտագաղթած ընտրողների անվան դիմաց նշել այդ մասին:

«Գոնե դա արվի, քանի որ ընտրացուցակները չեն հրապարակվում, դժբախտաբար, այդ հարցը այդպես էլ չի լուծվում, գոնե այդ նպատակով կարող էին հրապարակվել՝ հասկանալու համար, թե արտագաղթածների և այդ ֆիկտիվ անձանց փոխարեն եղել են, թե ոչ քվեարկություններ։ Մարդիկ արտագաղթում են, մանավանդ եթե գնում են Ռուսաստան, որի հետ մենք վիզային ռեժիմ չունենք, նրանք մնում են ընտրացուցակներում»,- ասում է Վարուժան Հոկտանյանը։

Ընդդիմությունը ևս պահանջում է ընտրացուցակներից հանել մշտապես չբնակվողներին՝ նրանց հնարավորություն տալով լրացուցիչ ցուցակներով մասնակցել քվեարկությանը։

Տես Ազատություն ռադիոկայանի նյութը: