Lragir.am-ին տրված հարցազրույցում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը կարծում է, որ վերջին շրջանում արտերկրյա գործիչների հայտարարությունները Հայաստանի տնտեսությունում առկա կոռուպցիոն մեխանիզմների ու մենաշնորհների մասին ունեն նաև քաղաքական ենթատեքստ՝ իշխանություններին կոչ անելով քայլեր ձեռնարկել: Եթե բարեփոխումներ չարվեն և այդ նպատակին ուղղված ծրագրերն արդյունավետ չիրականացվեն, նման ծրագրերը կարող են դադարեցվել: Ներդրումային քաղաքականության հայեցակարգի կարևոր արդյունքն օտարերկրյա ներդրումների աճն է: Այսօր մեր ներդրումները մեծ մասամբ կատարվել են հանքարդյունաբերության ոլորտում, օֆշորային գոտիներից: Դեռ պարզ չէ, նույն հայկական ընկերությունները վերաֆինանսավորում են անում օֆշորային գոտիներում, թե չէ: Իսկ ամենակարևոր մրցակցային ազդակը գներն են: Եթե գների առումով չկա մրցակցություն, այդ ներդրումային հայեցակարգերն այդպես էլ թղթի վրա կմնան:

ԱՄՆ ու ԵՄ տրամադրած ֆինանսական միջոցները փոշիանում են կոռուպցիայի պայմաններում, ռուսական տնտեսությանը հակակշռելու հնարավոր քաղաքական դիվիդենտները ևս չեն ստացվում: Արդյունքում Հայաստանի տնտեսությունը մրցակցային չի դառնում, շուկայական տնտեսության սկզբունքներ չեն որդեգրվում, հակառակը, ռուսական ընկերություններից կախվածությունն ավելի է մեծանում: Տնտեսական ակտիվացման ծրագրերում չի նկատվում մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի օժանդակությունը: Վերջինս անհատույց ինչ-որ միջոցներ չի տրամադրում, պարտադիր կա՛մ վարկ է տալիս, կա՛մ գույք պարտքի դիմաց գործարքներ է անում:

Տես հարցազրույցը Lragir.am-ում: