Առաջարկությունները ներկայացվել են 2015 թ. սեպտեմբերի 25-ին Վարշավայում, Լեհաստան, կայացած ԵԱՀԿ 2015 թ. Մարդկային չափման հարցերով համաժողովի «Ժողովրդավարական հաստատությունների՝ ժողովրդավարական ընտրություններ, Ժողովրդավարությունը ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակներում» թեմայով աշխատանքային հանդիպման ընթացքում:

Հայաստանում կայացած վերջին համապետական ընտրությունները 2012 թ. մայիսին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի և 2013 թ. փետրվարին ՀՀ նախագահի ընտրություններն էին: Խորհրդարանական ընտրությունները դիտարկում էր 17 փորձագետներից և 24 երկարաժամկետ դիտորդներից բաղկացած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությունը, որը քվեարկության օրն ուժերը միացրել էր ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպայի խորհրդարանի (ԵԽ) պատվիրակությունների հետ: Այնպես որ, ընտրության օրն ընդհանուր առմամբ, տեղակայվել էին 349 կաճաժամկետ դիտորդներ ԵԱՀԿ հանուն համագործակցության գործընկեր 1 և ԵԱՀԿ 42 անդամ երկրներից[1]: ՀՀ նախագահի ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությունը բաղկացած էր 16 փորձագետներից և 24 երկարաժամկետ դիտորդներից: Առաքելությունն ընտրության օրը միացրել էր ուժերը ԵԽԽՎ-ի և ԵԽ-ի հետ: Ընդհանուր առմամբ քվեարկության օրը տեղակայվել են 283 կաճաժամկետ դիտորդներ ԵԱՀԿ հանուն համագործակցության գործընկեր 1 և ԵԱՀԿ 36 անդամ երկրներից[2]:

Հայաստանի օրինակով՝ ակնհայտ է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և անդամ երկրները հարկատուների հաշվին մեծ գումար են ծախսել աշխարհի տարբեր երկրներում ժողովրդավարական ընտրությունները խթանելու նպատակով: Քանի որ ընտրությունների դիտորդական առաքելությունները հրավիրվում և տեղակայվում են երկրների կառավարությունների խնդրանքով, բնական է ակնկալել, որ վերջիններս ի պատասխան պետք է վճռական քայլեր ձեռնարկեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դիտորդական առաքելության հանձնարարականները կատարելու ուղղությամբ: Ընտրական գործընթացները բարելավելու անկեղծ քաղաքական կամք դրսևորելու պարագայում հանձնարարականները պետք է շահագրգիռ կողմերի հետ մանրակրկիտ վերլուծության ենթարկվեն կառավարությունների կողմից, և ենթադրաբար իրականացվեն նախքան հաջորդ ընտրական փուլի սկիզբը՝ ապահովելով կոնկրետ փոփոխություն և արդարացնելով միջազգային դիտորդական առաքելությունների ծախսերը:

Մինչդեռ Հայաստանի պարագայում, ինպես պարզվում է, միանգամայն հնարավոր է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարականները չկատարվեն` առանց պետության համար որևէ հետևանքի:

2012 թ. ՀՀ Ազգային ժողովի և 2013 թ. ՀՀ նախագահի ընտրությունների դիտարկման արդյունքում վեր են հանվել բազմաթիվ աղաղակող ընտրախախտումներ, և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցներն այդ տխրահռչակ ընտրությունների բավականաչափ համապարփակ պատկերն են ներկայացնում[3]: Մասնավորապես, այդ զեկույցներում բարձրաձայնված ընտրախախտումների թվում են մարդու իրավունքների խախտումները, ընտրությունների մաքրության նկատմամբ ժողովրդի ցածր վստահությունը, ընտրողների ռեգիստրի ցածր արժանահավատությունը, քաղաքացիական ու քաղաքական նախապատվությունները ազատ արտահայտելու իրավունքի խախտումները, վարչական ռեսուրսի չարաշահումները, օրենքի պատշաճ չկիրառումը և ընտրախտում կատարած անձանց պատշաճ պատժի չենթարկելը, դիտորդների իրավունքների սահմանափակումները, ընտրական հանձնաժողովների, դատարանների և այլ մարմինների կողմից ընտրախախտումների վերաբերյալ բողոքների բավարարման ձախողումը և այլն:

Նշված հանձնարարականների պահանջներից էր ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները, ինչը ՀՀ կառավարությունը չի կատարել սկսած 2012-2013 թթ.: 2014 թ. հուլիսին ՀՀ կառավարությունը աշխատանքային խումբ է ստեղծել ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար[4], այդուհանդերձ, դեռևս ոչինչ չի ներկայացվել ՀՀ Ազգային ժողով` բացի նույնականացման քարտերով քվեարկությանը մասնակցելու կարգից[5]: 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին նախապատրաստվելիս հանրաքվեի անցկացման բարելավումը ապահովելու նպատակով ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու փոխարեն փոփոխություններ են կատարվել Հանրաքվեի մասին ՀՀ օրենքում, որպեսզի վերջինս համապատասխանեցվի ՀՀ Ընտրական օրենսգրքում առկա հակասությունների հետ:

Ելնելով այն բանից, որ առաջիկա հանրաքվեն պետք է իրականացվի ՀՀ ընտրական օրենսգրքով, լուրջ մտահոգություններ կան, որ օրինախախտումները կկրկնվեն և հանրաքվեի որակը ավելի լավը չի լինի, քան 2012 և 2013 թթ. տխրահռչակ ընտրություններն էին՝ կասկածի տակ դնելով հանրաքվեի գործընթացի և արդյունքների լեգիտիմությունը:

Արդեն իսկ ակնհայտ է, որ հավասար պայմաններ չեն ստեղծվել հանրաքվեին կողմ և դեմ արտահայտվողների միջև: Բացի զանգվածային լրատվամիջոցների հասանելիության սովորական դարձած սահմանափակումից` ՀՀ իշխանությունները միավորումների, հավաքների և արտահայտման ազատության իրավունքի իրացման լուրջ խոչընդոտներ են ստեղծում «Ոչ»-ի քարոզչության կազմակերպիչների համար[6]:

Առաջարկություն. Կարևոր է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պահանջի, որ իր ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացրած հանձնարարականները պատշաճ ու ժամանակին կատարվեն երկրների կառավարությունների կողմից՝ ցույց տալու բարեփոխումները խթանելու իրենց անկեղծ կամքը և արդարացնելու դիտորդական առաքելություններ տեղակայելու նպատակով արված ծախսերը: Եթե անհրաժեշտ փոփոխությունները ձախողվեն, ապա նույն պայմաններոում իրականացող ընտրությունները/հանրաքվեները պետք է ավելի լայնածավալ մշտադիտարկման ենթարկվեն կամ համարվեն ոչ ընդունելի:

Չնայած ՀՀ օրենսդրությամբ նախատեսված՝ նախագծի հանրային քննարկումների կազմակերպման պահանջին[7] և ՀՀ օրենսդրության բարելավման նպատակով օրինաստեղծ գործունեության և հանրային մասնակցության ու առհասարակ միջազգային լավագույն փորձի խթանմանն ուղղված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայումս ցուցաբերվող աջակցությանը[8]` հանրության պատշաճ մասնակցություն չի ապահովվել սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում[9]: Նախագիծը պատրաստել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը[10] առանց հանրային մասնակցության[11]: ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հրապարակվել և քննարկվել է 2014թ., սակայն սահմանադրական փոփոխությունների նախագիծը խիստ տարբերվում է հայեցակարգի փաստաթղթից: Նոր սահմանադրության վերջին նախագիծը հրապարակվել է 2015 թ. օգոստոսի 21-ին, որը քվեարկության է դրվել ՀՀ Ազգային խորհրդում 2015 թ. օգոստոսի 5-ին՝ քաղաքացիական հասարակությանը ընդամենը 1.5 ամիս տրամադրելով արձագանքելու համար: 2015 թ. սեպտեմբերի 5-ին կայացած խորհրդարանական լսումն ընդամենը իմիտացիա է, իսկ քաղաքացիական հասարակության մեկնաբանությունները հաշվի չեն առնված: Ավելին 2015 թ. հոկտեմբերի 5-ին ընդունված փաստաթղթի տեքստը տարբերվում էր նախկինում ներկայացված նախագծից, և հրապարակվելով հենց նույն օրը ՝ անգամ պատգամավորներին հնարավորություն չի ընձեռել կարդալու և «մարսելու»:

Չնայած 2014 թ. փետրվարից ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը համագործակցում է ՀՀ կառավարության հետ` բարելավելու ՀՀ օրենսդրությունը և օրինաստեղծ գործունեությանը հանրային մասնակցությունը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ոչ մի արձագանք չի եղել սահմանադրական փոփոխությունների գործընթացի պատշաճ հիմնավորված չլինելու և հանրությանը խորհրդակցություններում պատշաճ չներգրավելու վերաբերյալ:

Առաջարկություն. Կարևոր է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մշտական ուշադրության արժանացնի և անհապաղ ու սկզբունքային արձագանքի իր ծրագրերի և համագործակցության ոլորտների համատեքստում ընթացող բացասական գործընթացներին և գործընկեր կառավարություններից պահանջի, որ բարեփոխումներն իրականում կյանքի կոչվեն և խորացվեն:

Սահմանադրական փոփոխությունների հարցը ինքնին հակասական է: Չնայած երկրի կառավարման համակարգը փոխելու քաղաքական նախապայմանների և հանրային պահանջի բացակայությանը, ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության բազմաթիվ խմբերի և իրավական ոլորտի փորձագետներ խիստ դժգոհությանը` հանրաքվեն բավականին արագ և ագրեսիվ կերպով առաջ է մղվում իշխանությունների կողմից:

Լուրջ հիմքեր կան հավատալու, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են` անսալով գործող նախագահի՝ իշխանությանը մնալու ցանկությունը՝ հաշվի առնելով, որ 2018 թ. լրանում է նրա 2-րդ պաշտոնավարման ժամկետը, և նույն անձը չի կարող երրորդ անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում: Ուստի, սահմանադրական փոփոխությունները նրան հնարավորություն կտան շարունակել առաջնորդի իր դերակատարությունը ՀՀ Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի պաշտոնում, ինչպես նաև ապահովել իր կուսակցության, իմա՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մենաշնորհային իշխանությունը:

Սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է անցկացնել վստահության բացակայության պայմաններում, երբ վերջին հարցումների արդյունքում՝ կանանց ընդամենը 13%-ը, իսկ տղամարդկանց 12%-ն է հավատում ընտրությունների ազնվությանը[12], իսկ հարցվածների մոտ 81%-ը նշել է, որ «բոլորովին չի վստահում» և «ավելի շուտ չի վստահում» սահմանադրական բարեփոխումների գործընթացին[13]: Նման վերաբերմունքը հիմնված է արձանագրված ընտրախախտումների վրա` արտացոլված նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերը նշված զեկույցներում:

Չնայած ընտրակեղծիքների համար կիրառվող բազմաթիվ մեթոդների առկայությանը`ընտրացուցակները համարվում են Հայաստանում ընտրությունները կեղծելու հիմնական գործիքը: Սովորելու, ժամանակավոր աշխատանքի կամ այլ նպատակներով արտերկրում բնակվող հարյուր հազարավոր հայ քաղաքացիների անունները ընտրացուցակներում հաշվառումից հանված չլինելը, անկասկած, հմտորեն բանեցվում է ընտրությունների արդյունքները կեղծելու համար:

ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ՀՀ իշխանությունների հետ քննարկումներում բազմաթիվ անգամներ նշել են, որ քաղաքացիների վստահությունը շահելու նվազագույն, բայց ամենից անհրաժեշտ քայլը կարող է լինել ստորագրված ընտրացուցակների հրապարակումը, այնպես որ յուրաքանչյուր ոք ի վիճակի լինի ստուգել ներկայումս երկրից բացակայող իր ծանոթ անձանց մասնակցությունը և վստահի արդյունքների ազնվությանը: Մինչև այս միջոցը չկիրառվի, ընտրական օրենսդրության ոչ մի այլ բարելավում արդյունավետ կամ արժանահավատ չի լինի:

Առաջարկություն. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ինչպես նաև մարդու իրավունքները և ժողովրդավարական ընտրությունները խթանող այլ միջազգային կազմակերպությունները չպետք է թույլ տան, որ սահմանադրական հանրաքվեն անցկացվի իշխանությունների նկատմամբ վստահության բացակայության մթնոլորտում, և պետք է աջակցեն Հայաստանի հանրության՝ ընտրացուցակների հրապարակման պահանջին:

[1] ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ, 2012 թ. մայիսի 6, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրություննրի դիտորդական առաքելության վերջնական զեկույց (Վարշավա, 2012 թ. հունիսի 26), http://www.osce.org/hy/odihr/elections/91962?download=true

[2] ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ՀՀ նախագահի ընտրություններ, 2013 թ. փետրվարի 18. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույց (Վարշավա, 2013 թ. մայիսի 8), http://www.osce.org/hy/odihr/elections/101982?download=true

[3] Տես http://www.osce.org/odihr/elections/91643?download=true և http://www.osce.org/odihr/elections/101314?download=true

[4] Տես http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=91421

[5] Վերջինս անգամ կարգավորված չէ և հետաձգվել է սահմանադրական հանրաքվերից հետո

[6] Տես ավելին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի սահմանադրական փոփոխությունների նախատեսվող հանրաքվեի՝ միջազգային ստանդարտներին անհամապատասխանության վերաբերյալ կարծիքում http://transparency.am/hy/news/view/1086

[7] Տես ՀՀ օրենքը իրավական ակտերի մասին, հոդված 27.1

[8] Նման համագործակցությունը հիմնված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ՀՀ արդարադատության նախարարության միջեւ 2014 թ. փետրվարի 19-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի վրա

[9] Քանի որ ՀՀ սահմանադրությունում առաջարկվող փոփոխություններն ընդգրկում են հարցերի լայն շրջանակ, և բացի 1-ին և 2-րդ հոդվածներից մյուս բոլոր հոդվածներում փոփոխություններ, փոփոխությունների առաջարկն ավելի շուտ որակվում է որպես նոր սահմանադրություն, քան փոփոխություն:

[10] Տես http://www.president.am/hy/decrees/item/947/

[11] Հանձնաժողով ում ներգրավված երկու ՔՀԿ-ները կախված են նախագահից կամ հանձնաժովի այլ անդամներից, ուստի իրականում չեն կարող համարվել հասարակական կազմակերպություն:

[12] Լիմարի Մորալես «Կանայք ողջ աշխարհում ավելի քիչ են վստահում ընտրություններին, քան տղամարդիկ», Գելափ, Ինկ. (Վաշինգտոն, հոկտեմբերի 11, 2012 թ.) http://www.gallup.com/poll/157997/women-worldwide-less-confident-men-elections.aspx

[13] APR Group, ՀՀ սահմանադրական բարփոխումների վերաբերյալ հետազոտության արդյունքներ (Երևան, սեպտեմբեր 2014), http://www.aprgroup.org/images/Library/Constitution/report_constitution_web_q.pdf