Aravot.am: hակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը չմիացավ հակակոռուպցիոն պայքարին
Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը լուրջ չի վերաբերում Կառավարություն - քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն աշխատանքային հարթակին, որ ձևավորվել է ս.թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ արդարադատության նախարարության, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ ԵՄ և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի համաֆինանսավորմամբ: Aravot.am-ը Վարուժան Հոկտանյանից հետաքրքրվել է՝ կոռուպցիայի դեմ պայքարող ՀԿ-ի ղեկավարն ինչո՞ւ է դեմ այդ հարթակին: Ըստ Հոկտանյանի՝ ինքը չի տեսնեմ, որ երկրում իրապես իրականացվում է լուրջ հակակոռուպցիոն քաղաքականություն, որ կառավարությունը, իշխանությունը իսկապես պրոակտիվ են, ներգրավում են քաղաքացիական հասարակությանը որոշումների ընդունման գործընթացում:
Ըստ Հոկտանյանի նմանատիպ մի խումբ՝ մոնիտորինգի հանձնաժողովը ձևավորվել էր 2004 թ.: Այն նույնպես հարթակ էր, կար կոռուպցիայի դեմ պայքարող առանձին խորհուրդ, միայն պետական մարմինների ներկայացուցիչներով և կար մոնիտորինգի հանձնաժողով: Այն ժամանակ ԹԻՀԿ-ը ոգևորությամբ մտավ հանձնաժողով, բայց 2007 թ. փետրվարին դուրս եկավ, որովհետև այդ հանձնաժողովը որևէ լուրջ փոփոխություններ չկատարեց: Այդ մոնիտորինգային հանձնաժողովն աշխատում էր, բայց որևէ արդյունք չկար, ավելին՝ վերջին տարին նույնիսկ նիստեր չէին անցկացնում:
2003-ից կոռուպցիայի մասով Հայաստանում միայն լճացման վիճակ է, չկա առաջընթաց: Հիմնական խնդիրը, որ ԹԻՀԿ-ը չի ցանկանում միանալ հարթակին, այն է, որ չէին ուզենա նախկին՝ այդ տխուր փորձը նորից կրկնվեր:
Անդրադառնալով քաղհասարակություն-հակակոռուպցիոն աշխատանքային հարթակի ներկայացրած ռազմավարությանը՝ Հոկտանյանն ասել է, որ այն կոռուպցիայի դեմ պայքարում շատ սահմանափակ լուծումներ է առաջարկում: Եթե լինի իշխանական կամք այլ ոչ թե գեղեցիկ փաստաթուղթ, հնարավոր է ռազամավարության մեջ ֆիքսված ոլորտներում վարչական, այսպես ասած, ցածր մակարդակի կոռուպցիան վերացնել: