Երկիր մեդիա հեռուստաընկերության «Երկրի շաբաթը» հաղորդաշարը անդրադարձել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնությանը: 2011թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը միացել է ԲԿԳ նախաձեռնությանը: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) ի թիվս այլ առաջարկությունների, ներկայացրել է Հանքարդյունաբերության թափանցիկության ապահովման վերաբերյալ առաջարկություն, որն ընդգրկվել է ԲԿԳ 2014-2016 թթ. երկրորդ գործողությունների ծրագրում՝ նպատակ ունենալով հանքարդյունաբերության ոլորտը շատ ավելի թափանցիկ դարձնել, պարզելով ովքեր են հանքերի իրական տերերը, ինչպիսին է նրանց ֆինանսական վիճակը, որքան հարկեր են նրանք վճարում և այլն: Այն հնարավորություն կտա վերահսկել հանքարդյունաբերության ամբողջ դաշտը: Սակայն ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մտահոգություն ունի՝ չի բացառվում, որ առաջարկն այդպես էլ մնա թղթի վրա, քանի որ հանձնառությունը լղոզված ձևով է ներկայացված:

ԲԿԳ նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, խթանել վերջինիս արդյունավետությունը՝ բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը:

Վարուժան Հոկտանյանի կարծիքով ԲԿԳ –ի համար գլխավոր խնդիրը պրոակտիվության պակասն է և դրա հետ կապված մոտեցումները, որ ապահովվի թափանցիկություն, հաշվետվողականություն, մասնակցություն: Այդ ամենը ինչ որ տեղ ֆորմալ է դառնում: