«Գուցե Սահմանադրություն նախագծողները Հայաստանը հետագայում չեն դիտարկում որպես ժողովրդավարական պետություն»
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը 168 ժամի հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրական փոփոխությունների նախագծի խնդրահարույց դրույթներին` դրանք համադրելով գործող սահմանադրության հետ: Որոշ դեպքերում ձևակերպումների անորոշությունը մտահոգություն է առաջացնում, օրինակ՝ սեփականությունից զրկելու հետ կապված հարցում, կամ սոցիալ-տնտեսական իրավունքների ձևակերպման հարցում: Սահմանադրության նոր նախագծով մարդու իրավունքների ոլորտը համակարգված է, իրավունքի սահմանափակումները նշված են: Սակայն ցանկացած սահմանափակում պետք է հիմքում ունենա նպատակ՝ ելնելով ժողովրդավար հասարակությունում ինչ-որ անհրաժեշտությունից: Նախագծում որևէ տեղ չի նշվում, որ սահմանափակումն անհրաժեշտ է ժողովրդավար հասարակությունում:
«Սեփականությունը բացառիկ գերակա շահի անվան տակ վերցնելու ինստիտուտը, երբ անձին կարելի է զրկել սեփականությունից՝ հանուն հանրային շահի» դրույթն ամրագրված է Սահմանադրության նախագծում և խնդրահարույցն այն է, որ այստեղ մի ձևակերպում է մտել, որ կարող է վերցվել գույքը «նախնական դատական հսկողությամբ»: Որևէ մեկը չի տվել պարզաբանում՝ ինչ է նշանակում «նախնական դատական վերահսկողություն», ինչի նկատմամբ պետք է այդ վերահսկողությունը լինի, երբ է լինելու: Իսկ ավելի հստակն այն է, որ սեփականությունից կարելի է զրկել միայն դատական կարգով, հանրային գերակա շահի դեպքում էլ՝ համարժեք փոխհատուցում տալու միջոցով: Այստեղ մտցվել է նոր ինստիտուտ՝ «նախնական դատական վերահսկողություն», և դրա ո´չ մեխանիզմներն են հստակ, ո´չ ընդհանրապես գաղափարն է հստակ: Արդեն կարող է մտավախություն առաջանալ, որ գուցե սա ավելի պարզեցված, հեշտացված ճանապարհով գույքից զրկելու մեխանիզմ է նախատեսում:
Տես հարցազրույցը «168 ժամ»-ում: