Չնայած վերջին տարիներին Հայաստանում կոռուպցիոն փաստերի վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններին` որևէ ոլորտում առկա ատկատների ու բյուջետային միջոցների անարդյունավետ տնօրինման մասին Սերժ Սարգսյանի «խոշորին գլխից բռնելու» հանձնարարականն այդպես էլ իրականություն չի դարձել: Այդ կապակցությամբ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Lragir.am-ի հետ զրույցում նշել է, որ, բնականաբար, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամները չեն ընդունելու իրենք իրենց ձերբակալելու որոշում, «այսինքն՝ ինքնաձերբակալում հաստատ չի լինի»: ՀՀ իշխանություններն արդեն կոռուպցիայի դեմ պայքարի երրորդ ռազմավարությունն են ընդունում, սակայն նախորդ տարիներին խոշոր պաշտոնյաներ այդպես էլ չեն պատժվել այս հարցով: Ըստ նրա՝ եթե կոռուպցիան վերացվի, գուցե այսքան վատ չլինի տնտեսության վիճակը:

Վարուժան Հոկտանյանն այս հարցում հանրության մոտ վերաբերմունքի երկու տարբերակ է նկատում՝ ամեն անգամ պետք է քաղաքացիական հասարակությունը ներքևից ճնշում գործադրելով՝ ստիպի պայքարել կոռուպցիայի դեմ՝ առաջնորդվելով «եթե ասել եք, ուրեմն պիտի անեք» սկզբունքով: Հանրության մոտ վերաբերմունքի մյուս տարբերակն էլ այն է, որ եթե այսպիսին է իրավիճակն, ուրեմն այսպես էլ կշարունակվի, լուրջ չի ընդունվում կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովն ու ոչինչ չի արվում այդ ուղղությամբ:

Վարուժան Հոկտանյանը նաև նկատում է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում մեծ շահագրգռվածություն են ցուցաբարում միջազգային կազմակերպությունները, մասնավորապես ԱՄՆ ՄԶԳ-ն և Եվրամիության կառույցները: Արդեն հայտնի է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն կոռուպցիայի դեմ պայքարի համար ևս 750 հազար դոլար կհատկացնի Հայաստանին նոր հակակոռուպցիոն խորհրդի շրջանակներում:

«Սա ես համարում եմ լուրջ սիգնալ այն իմաստով, եթե այսպես պետք է շարունակվի, այսինքն՝ լուրջ պայքար չլինի, ապա ոչ միայն այդ աջակցությունը, որը ցուցաբերվում է ոլորտին, այլ մնացած ոլորտների աջակցությունները կդադարեն: Չի բացառվում, որ սա մի լակմուսի թուղթ է դառնում, որից հետո նրանց կողմից կլինեն շատ ավելի լուրջ հետևություններ: Միջազգային կազմակերպությունները չեն սիրում, երբ իրենց տված գումարները փոշիանում են: Այս ոլորտն ակնառու ոլորտ է՝ կփոշիանա՞ն այդ գումարները, թե ոչ: Եթե այս խնդրին ուշադրություն է դարձվում նմանօրինակ կազմակերպությունների կողմից, ուրեմն ինչ-որ տեղ սա նախազգուշական սիգնալ կարելի է համարել»,- ընդգծեց Հոկտանյանը:

Տես հոդվածը Lragir.am-ում: