Ս.թ. մայիսի 7-8-ին Հայաստանի մարզերից ու Երևանից քաղաքացիական հասարակության 23 կազմակերպության ներկայացուցիչներ մասնակցել են «Ազդեցության վերլուծություն. Կոռուպցիոն ռիսկի գնահատման մեթոդաբանություն» դասընթացին: ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում երկօրյա դասընթացն անց է կացվել Բազելի կառավարման ինստիտուտի (ԲԿԻ, Շվեյցարիա) դասընթացավարներ Կլավդիա Բաեզ Կամարգոյի և Ֆրանչեսկա Շթահլի կողմից:

Դասընթացի ժամանակ անդրադարձ է կատարվել որակական հետազոտության մեթոդների հիմունքներին, ոլորտային ուսումնասիրությունների և մեթոդների նախապատրաստման գործողություններին, հարցազրույցի համար հարցաթերթի պատրաստմանը, հարցազրույցներ անցկացնելու ուղենիշներին, փաստերի վրա հիմնված հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակմանը, հաշվետվողականության վերլուծության իրականացմանը, կոռուպցիոն ռիսկերի բնույթի վերհանմանը և այլն:

Դասընթացների շարքի ավարտին հավաստագրեր են հանձնվել դասընթացի մասնակիցներին:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Բազելի կառավարման ինստիտուտի (ԲԿԻ, Շվեյցարիա) և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի (Հունգարիա) հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը, որի նպատակն է ակտիվացնել քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը Հայաստանում թափանցիկություն ու հաշվետվողականություն խթանող բարեփոխումների գործընթացներում: