ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում Բազելի կառավարման ինստիտուտը (ԲԿԻ, Շվեյցարիա) հանրային քաղաքականության կառավարման թափանցիկության և հաշվետվողականության հարցերով շահագրգիռ հասարակական կազմակերպությունների և ակտիվ քաղաքացիական խմբերի ներկայացուցիչների համար անցկացնում է դասընթացների շարք: Մայիսի 4-ին մեկնարկել է «Հանրային հաշվետվողականության և մասնակցային մոնիթորինգի մեթոդներ» թեմայով եռօրյա դասընթացը 23 ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ:

Դասընթացը ներառում է 2 մոդուլ՝ սոցիալական հաշվետվողականության ռազմավարություններ և մասնակցային մոնիթորինգի տեխնիկաներ: Դասընթացն անց են կացնում ԲԿԻ դասընթացավարներ կառավարման ոլորտում հետազոտության ղեկավար Կլավդիա Բաեզ Կամարգոն և նույն կազմակերպության գիտաշխատող Ֆրանչեսկա Շթահլը:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Բազելի կառավարման ինստիտուտի (ԲԿԻ, Շվեյցարիա) և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի (Հունգարիա) հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը, որի նպատակն է ակտիվացնել քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը Հայաստանում թափանցիկություն ու հաշվետվողականություն խթանող բարեփոխումների գործընթացներում: