Ս. թ. մարտի 16-ին Լրատվական ռադիոյի «Թարմ ուղեղով» հաղորդաշարի հյուրն էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Նա անդրադարձել է հակակոռուպցիոն քաղաքականությանն ու կոռուպցիայի իրավիճակին: Եթե հակակոռուպցիոն քաղաքականության մեջ դրական ինչ-որ փոփոխություններ արձանագրվել են, ապա միայն միջազգային պարտավորությունների, դոնոր կազմակերպությունների շնորհիվ: Այդ առումով որոշակի բարելավումներ եղել են՝ օրենսդրական դաշտում և էլեկտրոնային կառավարման հետ կապված: Բայց դրանք սահմանափակ հաջողություններ են: Ըստ Հոկտանյանի՝ չափելի առաջընթաց իրականում չի գրանցվել. նա տնտեսական այլ մոդելի անցման ձգտում չի տեսնում:

Ինչ վերաբերում է ՀՀ միջազգային պարտավորություններին՝ որպես ՏՀԶԿ Ստամբուլյան գործողությունների ծրագրի հակակոռուպցիոն ցանցի անդամ, ՀՀ-ն ստանձնել է կատարելու 3-րդ ռաունդի, որպես ԳՐԵԿՈ-ի անդամ՝ 4-րդ ռաունդի պարտավորությունները: ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ պետություն լինելով՝ պետք է օրենսդրությունը համապատասխանեցնի կոնվենցիային:

Կոռուպցիայի դեմ հաջող պայքարը, ընդհանրապես կոռուպցիան ածանցյալ է ինստիտուցիոնալ լուրջ խնդիրների առկայության: Երբ այդ ինստիտուտները չեն աշխատում, կոռուպցիան փոխարինում է այն գործառույթներին, որոնք նրանք պետք է անեին: Դա շատ դեպքերում գալիս է տնտեսական ոչ արդյունավետ, ոչ պետության շահերից բխող մոդելի առկայությունից: Այսինքն երբ անձնական շահերը վեր են դասվում հանրային շահերից, այդ ժամանակ ստեղծվում է իրավիճակ, երբ կոռուպցիան դառնում է համակարգային և առանց կոռուպցիայի առկայության համակարգը չի կարող գործել: Համակարգը պետք է փոխվի կամ իշխանափոխությամբ կամ քաղաքական կամքի շնորհիվ:

Իշխանափոխությունը կոռուպցիայի նվազման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Երկրից երկիր իշխանափոխությունը կարող է տարբեր հետևանքների բերել: Մյուս տարբերակը քաղաքական կամքն է, երբ որոշ երկրներում լուրջ բարեփոխումների իրականացման արդյունքում հնարավոր եղավ տնտեսական, քաղաքական համակարգը փոխել: Ավտորիտար Սինգապուրում տնտեսական լուրջ լիբերալիզացիա տեղի ունեցավ, պրոտեկցիոնիզմը, մոնոպոլիզացիան, կլանային համակարգը դեմոնտաժ արվեց իշխող կուսակցության կողմից: Սինգապուրը քիչ կոռումպացված բացառիկ ավտորիտար պետություն է, որտեղ հակակոռուպցիոն պայքարը խթանեց տնտեսական մոդելի փոփոխությանը: Սովորաբար այլ երկրների փորձը ցույց է տվել, որ խոր, արմատական, վճռական բարեփոխումների արդյունքում հնարավոր եղավ ինքնին նվազեցնել կոռուպցիան:

Ինչ վերաբերում է նոր ստեղծված հակակոռուպցիոն մարմիններին, Հոկտանյանի կարծիքով որպես խորհրդատվական մարմին՝ տարբերություն չկա նախկին և նոր խորհրդի միջև, ընդամենը փորձ է արվում ավելի լայն խորհրդատվական շրջանակ ապահովել: Որոշումները իրավական ակտեր չեն և պարտադիր չեն կատարման համար. այս տեսանկյունից կոնցեպտուալ տարբերություն չկա: Սակայն 2 կարևոր կոնցեպտուալ տարրեր են ի հայտ գալու: Փորձ է արվում ինստիտուցիոնալ բազան ավելի ուժեղացնել՝ Խորհրդի կազմում հաստիքային աշխատողների և ոչ պետական սեկտորի՝ ՀԿ-ների, հանրային խորհրդի, համայնքների միության, ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների ներգրավմամբ:

ԹԻՀԿ-ը ունի մոտեցում աշխատանքը կատարել առանց խորհուրդներում ներգրավվելու: Վարուժան Հոկտանյանը կարծում է, որ պետք է լինի համազգային դիալոգ՝ ներառելով կուսակցություններին և քաղաքացիական հասարակությանը: Նախորդ տարիների փորձը ցույց տրվեց մեծ ռիսկը, որ իմիտացիա կլինի: