«Ներդրողներն էլ հասկանում են, որ օրենքի և իրականության միջև մեզ մոտ բավականին խզվածք կա»
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը որպես հակակոռուպցիոն փորձագետ հարցազրույց է տվել «168 ժամ»-ին, որում նա անդրադարձել է ամերիկյան «Հերիթիջ ֆաունդեյշն» հանրային քաղաքականության ինստիտուտի հրապարակած Տնտեսական ազատությունների 2015 թ. համաթվի Հայաստանի արդյունքներին՝ հետընթացին, մեթոդաբանությանը, երկրի իրական պատկերի արտացոլմանը կոռուպցիայի տեսակետից, այդ համաթվի ազդեցությանը տնտեսության զարգացման, երկրի ընդհանուր վարկանիշի վրա:
Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ Հայաստանը մնում է նույն կատեգորիայում (60-69,9)՝ համարվելով չափավոր ազատ տնտեսական ազատություն ունեցող երկիր: Այսինքն, որակապես ինչ-որ կտրուկ վատացում չի եղել՝ բայց բավականին նահանջ կա: Տնտեսական ազատության ինդեքսն ունի 10 ենթացուցանիշ, որից 6-ով նահանջ է եղել` սեփականության իրավունքով (-10.0), ֆիսկալ ազատության (-2.1), բիզնեսի ազատության (-0.4), աշխատանքային շուկայի ազատության (-14.2), մոնետար (-6.4) և առևտրի ազատությունը (-0.1): 3 ցուցանիշներով լավացում է եղել, որից մեկը՝ կոռուպցիայի մասով (+9.3), թեթև լավացում կա, նաև պետական ծախսերի (+1.5) ու ներդրումների ազատության (+5.0): Ընդհանրապես, 2011-ից եթե նայենք, միտումը նահանջն է, հատկապես վերջին երկու տարիներին՝ 2014-15 թթ., հստակ նահանջ է եղել:
Սեփականության իրավունքների ենթացուցանիշը (20.0) բավականին նահանջ է ապրել: Ի դեպ, դա ամենավատ ցուցանիշն է կոռուպցիայից (36.0) հետո: Մյուսները ֆորմալ ցուցանիշներ են, որոնք ավելի շատ բնորոշում են օրենսդրական դաշտը: Այսինքն՝ թղթի վրա բավականին լավ է այդ ամենը գրված, և պետության ծախսերը, ֆիսկալ ազատությունը՝ որպես կանոն, 70-80-ի սահմաններում են գտնվում (սանդղակը 0-100 է, 100-ը լավագույնն է):
Մասնավորապես՝ պետական ծախսերը մոտ 82.8 է, ֆիսկալ ազատությունը՝ 84.4, թեև վերջինը մի քիչ վատացել է: Սա, իհարկե, պետք է խոր վերլուծել, և տնտեսագետները պետք է ավելի շատ զբաղվեն դրանով, որովհետև հիմնական նահանջը եղել է ռեգուլյատոր էֆեկտիվության հետ կապված ցուցանիշների մասով, օրինակ՝ բիզնեսի ազատությունն է վատացել, աշխատաշուկայում ազատությունն է վատացել, որոնք տնտեսագետները կհիմնավորեն, թե ինչու: Որպես հակակոռուպցիոն գծով փորձագետ՝ Հոկտանյանը խնդիր է տեսնում ավելի շատ կառավարությունում ոչ ռեֆորմատորական, քաղաքական ու բիզնես էլիտաների սերտաճած լինելու հետ կապված, որն ավելի է ուժեղացել և ավելի ազդել է սեփականության իրավունքի պաշտպանության անկման տեսանկյունից: Մի բացատրությունն այն է, որ սեփականության իրավունքների ենթացուցիչի անկումը հիմնավորվում է, որ քանի որ 2014-ին ՀՀ նախագահը մի քանի բարեփոխիչ նախարարների հանեց և նոր կառավարությունում բերեց մարդիկ, ովքեր հարստացել էին շնորհիվ իշխանություններում իրենց կապերի, և որպես օրինակ բերվում է ֆինանսների նախարարին:
Տես հարցազրույցը «168 ժամ»ում:

