Համաձայն ամերիկյան «Հերիթիջ ֆաունդեյշն» հանրային քաղաքականության ինստիտուտի և «Ուոլ Սթրիթ Ջըրնլ» թերթի ս.թ. հունվարի 27-ին հրապարակած Տնտեսական ազատությունների 2015 թ. համաթվի` Հայաստանը 67.1 միավոր արժեքով 178 երկրների շարքում զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը, դասվելով «չափավոր ազատ» տնտեսական ազատություն ունեցող երկրների թվում: Անցյալ տարվա համեմատ Հայաստանի համաթվի ընդհանուր արժեքը նվազել է 1.8 միավորով, արտացոլելով սեփականության իրավունքի պաշտպանություն, աշխատանքի ազատություն, դրամավարկային ազատություն ենթացուցանիշների զգալի վատթարացում: 2015 թ. համաթվում Հայաստանը ամենամեծ նահանջ արձանագրած երկրներից 8-րդ էր: Եվրոպական երկրների շարքում Հայաստանը 43-ից 23-րդն է, իսկ միավորը աշխարհի ու տարածաշրջանի միջին միավորից բարձր է:

Զեկույցի «Օրենքի գերակայություն» կատեգորիայում նշված հետընթացի պատճառներից է 2014 թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրականացված կառավարության փոփոխությունը։ Ազատվելով մի քանի հայտնի բարեփոխիչներից, նոր կառավարության կազմում ընդգրկել է պաշտոնյաների, որ հարստացել են իշխանությունում ունեցած կապերի շնորհիվ։ Որպես օրինակ նշվում է ՀՀ ֆինանսների նախարարը` ում մամուլը մեղադրում է կոռուպցիայի մեջ։ Խնդիր է նաև դատական համակարգի կոռումպացվածությունը , որը խոչընդոտում է պայմանագրի պայմանների հարկադիր իրականացմանը։ «Օրենքի գերակայություն» կատեգորիայի միավորները միջինից ցածր են:

Այսպիսով, Հայաստանը նահանջ է ապրել 6 ենթացուցանիշով՝ սեփականության իրավունքի պաշտպանվածություն, ֆիսկալ ազատություն, բիզնեսի ազատություն, աշխատանքային, մոնետար և առևտրի ազատություն: Ֆինանսական ազատություն ենթացուցանիշում Հայաստանը նույն դիրքն է պահպանել, 3 ենթացուցանիշում առաջընթաց է գրանցել՝ պետական ծախսեր, ներդրումների ազատություն և կոռուպցիայի մասով՝ կոռուպցիայից զերծ լինելը։

Սանդղակում ներառված երկրները ներկայացված են հետևյալ խմբերում` այսպես, համաթվում 80 և ավելի միավոր ունեցող երկրները համարվում են տնտեսապես «ազատ», 70,0-79,9-ը՝ «հիմնականում ազատ», 60-69,9-ը՝ «չափավոր ազատ», 50-59,9-ը՝ «հիմնականում ոչ ազատ», 50-ից ցածրը՝ «ճնշված» երկրներ։

Ըստ մեթոդաբանության՝ կիրառվում է 0-ից մինչև 100 միավոր գնահատման սանդղակ, ընդ որում՝ բարձր ցուցանիշը վկայում է տնտեսական ազատության ավելի մեծ աստիճանի մասին։ Երկրները տնտեսական ազատության համաթվին համապատասխան խմբավորվում են 4 խոշոր կատեգորիաներում/ոլորտներում կամ հենասյուներում` օրենքի գերակայություն, կառավարության սահմանափակ միջամտություն, կարգավորման արդյունավետություն, ազատ շուկա:

Երկրի տնտեսական ազատության համաթիվը հաշվարկվում է գնահատելով տասը ենթացուցանիշ. (օրենքի գերակայություն) սեփականության իրավունք, կոռուպցիայից զերծ լինելը, (կառավարության սահմանափակ միջամտություն) ֆիսկալ/հարկաբյուջետային/ ազատություն, պետական ծախսեր, (կարգավորման արդյունավետություն) բիզնեսի/գործարարության/ ազատություն, աշխատանքի ազատություն, մոնետար/դրամավարկային/ ազատություն, (ազատ շուկա) առևտրի ազատություն, ներդրումների ազատություն և ֆինանսական ազատություն: Սույն ենթացուցանիշների արժեքները միջինացվում են` ընդհանուր արժեքով: