ԹԻՀԿ մամուլի ասուլիս «Ուրբաթ» մամուլի ակումբում. կոռուպցիայի ներկա իրավիճակը Հայաստանում
Ս.թ. դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը «Ուրբաթ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ներկայացրել է կոռուպցիոն իրավիճակը Հայաստանում: Նա նշել է, որ ինչպես և նախորդ տարիներին, Հայաստանը լուրջ առաջընթաց չի գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում: Դա հիմնված է այն օբյեկտիվ տվյալների վրա, որոնք կարելի է տեսնել և՛ ԹԻ կոռուպցիայի ընկալման համաթվով, և՛ համաշխարհային բանկի կառավարման համաթվերով, և՛ Ֆրիդոմ Հաուսի կոռուպցիայի համաթվով և այլ ուսումնասիրություններով: Առաջընթացը շատ քիչ է՝ վիճակագրական սխալի սահմաններում: Հիմնականում դա պայմանավորված է էլեկտրոնային կառավարման ավելի ակտիվ ներդրմամբ, որը թեպետ ինքնին կրճատում է կոռուպցիոն ռիսկերը, կտրուկ չի կրճատում կոռուպցիան:
Ըստ Հոկտանյանի՝ կոռուպցիայի արմատական, խորքային պատճառներն են.
- բիզնեսի և քաղաքական վերնախավերի սերտաճումը
- տնտեսության մոնոպոլացման բարձր աստիճանը, որն իր հետ բերում է քաղաքական դաշտում մոնոպոլացման
- դատական համակարգի ոչ անկախ լինելը
- կոռուպցիայի նկատմամբ հասարակության հանդուրժողականության բարձր մակարդակը:
Մտավախություն կա, որ առաջիկայում իրավիճակը կարող է էլ ավելի վատանալ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երեք երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի դաշինքին: Եթե տարիներ առաջ Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի իշխանությունները ստիպված էին բարեփոխումներ կատարել, ապա այս նոր ակումբում նրանց առջև որևէ այդպիսի պայման չի դրվում: Կոռուպցիայի դեմ պայքարում լավատեսության հիմք չի տալիս Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը, որովհետև Վարուժան Հոկտանյանը առանձնապես չի հավատում, որ Հայաստանը կդառնա առաջատար և Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը կփորձեն հասնել գոնե Հայաստանին: Ընդհակառակը, նա ավելի շատ տեսնում է վտանգ, որ հակառակը տեղի կունենա:

