Հանքարդյունահանող ընկերությունները պատրաստ չեն երկիր առ երկիր իրենց գործունեության վերաբերյալ զեկույցներ ներկայացնելուն. Չինական ընկերությունները վատագույնն են թափանցիկության և հակակոռուպցիոն առումով

Բեռլին, 5 նոյեմբերի, 2014 թ.: Ինչպես երևում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի այսօր հրապարակված զեկույցից, աշխարհի խոշորագույն ընկերությունները շատ քիչ կամ ոչ մի ֆինանսական մանրամասներ չեն հրապարակում իրենց գրանցման երկրից դուրս գտնվող երկրներում իրենց գործունեության վերաբերյալ: Գնահատման ենթարկված 124 ընկերություններից 90-ը տվյալներ չեն հրապարակում իրենց գրանցման երկրից դուրս երկրներում իրենց կողմից վճարված հարկերի վերաբերյալ, իսկ 54-ը տվյալներ չեն հրապարակում այդպիսի երկրներում իրենց ստացված եկամուտների մասին:

«Թափանցիկությունը կորպորատիվ հաշվետվություններում» զեկույցը վերլուծել է Ֆորբսի ցուցակում ներառված՝ արժեթղթերի միջազգային շուկայում ցուցակագրված աշխարհի 124 ամենախոշոր ընկերությունների գործունեությունը: Այդ ընկերությունները, որոնց համախառն շուկայական արժեքը գերազանցում է 14 տրիլիոն ԱՄՆ դոլարը, դասակարգվել են՝ ելնելով նրանից, թե ինչ են նրանք հրապարակում իրենց կողմից կոռուպցիոն երևույթները կանխարգելելուն ուղղված միջոցառումների, ինչ տեղեկատվություն են հրապարակում իրենց դուստր ընկերությունների և հոլդինգների, ինչպես նաև իրենց գրանցման երկրից դուրս գտնվող երկրներում գործունեությանն առնչվող առանցքային ֆինանսական տվյալների վերաբերյալ: Համաձայն այս չափանիշների՝ լավագույն դիրքերում են Մեծ Բրիտանիայի, իսկ վատագույններն են չինական ընկերությունները:

«Մենք ակնկալում ենք ավելի մեծ թափանցիկություն բազմազգ ընկերություններից, որոնք համաշխարհային տնտեսության վրա իրենց ազդեցությամբ մրցակցում են աշխարհի ամենահզոր պետությունների հետ»,- նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի նախագահ պարոն Խոսե Ուգասը: Նա նաև ավելացնում է. «Ավելի մեծ տնտեսական հզորությունը պետք է բերի ավելի մեծ հաշվետվողականության: Արատավոր կորպորատիվ վարքագիծը ծնում է կոռուպցիա, որն էլ իր հետ բերում է աղքատություն և քաղաքական անկայունություն: Չարձագանքելով ավելի թափանցիկ և հաշվետու գործելու հանրության պահաջներին՝ ընկերությունները վտանգում են իրենց բրենդը և կարող են կորցնել իրենց հաճախորդներին»:

Ընկերությունները պատրաստ չեն երկիր առ երկիր իրենց գործունեության վերաբերյալ զեկույցներ ներկայացնելու կանոններին

Զեկույցը ցույց է տալիս, որ աշխարհի ամենամեծ նավթային, գազային և հանքարդյունահանող ընկերությունները պատրաստ չեն թափանցիկության այն կանոններին, որոնք 2015 թ. հուլիսից ուժի մեջ կմտնեն Եվրամիության տարածքում: Այդ կանոնները հանքարդյունահանող ընկերություններից կպահանջեն զեկուցել իրենց գործունեության յուրաքանչյուր երկրում և ըստ յուրաքանչյուր ծրագրի նրանց կողմից կատարված վճարումների, մասնավորապես, այդ երկրներում նրանց կողմից վճարված հարկերի վերաբերյալ: ԱՄՆ-ում 2010 թ. ընդունված Դոդդ-Ֆրանկի օրենքի 1504-րդ հոդվածը ներառում է նմանատիպ պահանջներ, սակայն դրանց կիրարկումը նավթային լոբբիի կողմից նախաձեռնած դատական գործի արդյունքում հետաձգվեց: Համապատասխան օրենքները կգործեն բոլոր այն մեծ ընկերությունների նկատմամբ, որոնք գրանցված են Եվրամիության անդամ երկրներում, ինչպես նաև այն ընկերությունների նկատմամբ, որոնք ցուցակագրված են Եվրամիության կամ ԱՄՆ ֆոնդային բորսաներում:

Զեկույցում նշված և Եվրամիության կամ ԱՄՆ կողմից սահմանված նոր կանոնների գործողության տակ հայտնվող հանքարդյունահանող 24 ընկերություններից 19-ը հրապարակում են իրենց կողմից վճարվող հարկերը և ստացված եկամուտները միայն իրենց գործունեության երկրների թվի կեսից պակաս երկրներում: Միայն BHP Բիլլիտոնը, Ստատօյլը և հնդկական ONGC և Րիլայանս ընկերություններն են, որոնք հրապարակում են իրենց կողմից վճարված հարկերը համարյա բոլոր այն երկրներում, որտեղ իրենք գործունեություն են ծավալել:

«Ընկերությունները պետք է ավելի շատ տեղեկատվություն տրամադրեն իրենց ֆինանսական գործունեության վերաբերյալ: Թափանցիկությունը թույլ կտա քաղաքացիներին տեղեկանալու իրենց երկրում տվյալ ընկերության կողմից ծավալված գործունեության ծավալների մասին: Դա նաև էական նշանակություն ունի՝ հետևելու համար ընկերությունների և պետական մարմինների միջև դրամական հոսքերին, որոնք կարող են պարունակել կոռուպցիոն ռիսկեր»,- նշում է պարոն Ուգասը:

Բրիտանական ընկերությունները ցույց են տալիս ուժեղ արդյունքներ

Զեկույցում ներառված բրիտանական 13 ընկերությունները լավ արդյունքներ են ցույց տվել իրենց կողմից ձեռնարկված հակակոռուպցիոն միջոցառումների վերաբերյալ զեկուցելու առումով: Նրանք բոլորը հրապարակայնորեն հայտարարում են հակակոռուպցիոն օրենքներին հետևելու իրենց պատրաստակամության մասին, կանոնակարգում են տեղեկություններ հայտնելու (whistleblowing) հետ կապված գործողությունները, ինչպես նաև ունեն կա՛մ վարքագծի կանոններ կա՛մ հակակոռուպցիոն կանոնակարգումներ, որոնք կիրառելի են այդ ընկերություններում աշխատող բոլոր աշխատակիցների նկատմամբ: 2011թ.-ից ուժի մեջ է մտել կաշառակերությունն արգելող ուժեղ մի օրենք, որի արդյունքում բրիտանական մեծ ընկերություններից շատերը խստացրել են իրենց համապատասխան կանոնակարգերը: Այսօր հրապարակվում է նաև Մեծ Բրիտանիայի ընկերությունների թափանցիկության վերաբերյալ առանձին զեկույցը: Զեկույցում ներառված ԱՄՆ բոլոր 44 ընկերությունները հրապարակայնորեն հայտարարել են, որ իրենք իրենց գործունեության մեջ հավատարիմ են 1977թ.-ից մինչ այժմ ընդունված բոլոր հակակոռուպցիոն իրավական ակտերին:

Դասակարգման մեջ ներառված ընկերություններից միայն չորսի համաթիվն է գերազանցում «6» նիշը (0-ից 10 սանդղակի վրա, որտեղ 0-ն բացարձակապես ոչ թափանցիկն է, իսկ 10-ը՝ բացարձակապես թափանցիկը): Դրանք են BHP Բիլլիթոնը, Էնին, Ստատօյլը և Վոդաֆոնը, որոնք հրապարակում են տեղեկատվություն իրենց կողմից ձեռնարկված կոռուպցիայի կանխարգելման քայլերի և մանրամասներ իրենց դուստր ձեռնարկությունների մասին: Սակայն ընդամենը երեք ընկերությունների (Ստատօյլ, Տելեֆոնիկա և Վոդաֆոն) համաթվերն են գերազանցում 50%-ը, երբ խոսքը վերաբերում է իրենց կողմից գործունեություն ծավալած յուրաքանչյուր երկրի վերաբերյալ զեկույցներ ներկայացնելուն, ինչպես նաև համարյա բոլոր այդ երկրներում իրենց կողմից վճարված հարկերի մասին տեղեկատվությանը: Ընդ որում, նույնիսկ այս դեպքերում չի ներկայացվում ֆինանսական ողջ տեղեկատվությունը:

Չինական ընկերությունները զգալիորեն զիջում են մյուսներին

Դասակարգման ստորին հորիզոնականներում հայտնվել են 11 ընկերություններ, որոնց համաթիվը չի գերազանցում «2» նիշը, քանի որ նրանք ցույց չեն տվել, թե իրենք ունեն արդյոք կոռուպցիայի կանխարգելումն ապահովող այնպիսի կանոնակարգեր, որոնք առկա են ավելի բարձր համաթիվ ունեցող ընկերություններում:

Զեկույցում ներառված չինական բոլոր 8 ընկերություններից և ոչ մեկի համաթիվը չի գերազանցել «3» նիշը, ընդ որում, դասակարգման վերջին 11 տեղերում հայտնված ընկերություններից 6-ը չինական ընկերություններ են: Բացի այդ,

  • Չինական 8 ընկերություններից 6-ի ղեկավարությունը հրապարակայնորեն չի աջակցում կոռուպցիայի դեմ պայքարին:
  • Միայն մեկ ընկերություն է նշել, որ ինքն ունի նվերների ընդունումը և հյուրասիրությունը կարգավորող կանոնակարգեր, և մեկն էլ նշել է, որ իր մոտ առկա են տեղեկություններ հայտնողների պաշտպանության և կոռուպցիոն երևույթների մասին հայտնելու կանոնակարգեր:
  • Ոչ մի ընկերություն հրապարակայնորեն չի արգելում «գործերն առաջ տանելուն» ուղղված վճարումները (առավելություններ ստանալուն ուղղված փոքր չափի կաշառքներ տալը) :
  • Ոչ մի ընկերություն չի հրապարակում իրենց կողմից գործունեություն ծավալած 59 երկրներից որևէ մեկում այդ գործունեության վերաբերյալ ֆինանսական տվյալներ:

Համաձայն Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից 2011թ. 3000 ղեկավար պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաների շրջանում անցկացված հարցումների՝ Չինաստանի ընկերությունները դիտվում են որպես միջազգային մակարդակի բիզնես գործարքների ժամանակ ամենահավանական կաշառք տվողները: Թրանսփարենսի Ինթերնեշնլը վերահաստատում է իր կոչը՝ ուղղված Չինաստանին՝ միջազգային առևտրի գծով աշխարհում ամենամեծ ծավալն ունեցող երկրին, անդամակցելու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կաշառատվության դեմ կոնվենցիային, որը սահմանում է օտարերկրյա իշխանություններին կաշառող ընկերությունների նկատմամբ դրանց գրանցման պետությունների կողմից հետաքննության և քրեական հետապնդման չափանիշները:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները հիասթափեցնում են

Զեկույցում ներառված ընկերություններից 44-ը ամերիկյան ընկերություններ են, որոնց մեջ ամենավատ արդյունքները գրանցել են Ամազոն, Բերկշիր Հաթաուեյ և Գուգլ ընկերությունները: Ամերիկյան միայն երկու ընկերություններ են հրապարակել իրենց կողմից այլ երկրներում, որտեղ նրանք գործում են, վճարված հարկերի մասին տվյալները: Դա արել են Կոնոկո Ֆիլիպսը Կանադայում և Ուոլմարթը Չիլիում:

Զարմանալիորեն այն ոլորտը, որը հնարավոր է դարձնում ավելի մեծ թափանցիկություն մեր կյանքում, հանդիսանում է առավել քիչ թափանցիկներից մեկը: Ամերիկյան բարձր տեխնոլոգիաների ոլորտի այնպիսի հսկաների, ինչպիսիք են Ամազոնը, Էփլը, Գուգլը և IBM-ը, համաթվերը ցածր են «3» նիշից:

Ամազոնը, Էփլը և Գուգլը ամերիկյան այն յոթ ընկերությունների շարքում են, որոնց ղեկավարությունը հրապարակայնորեն իրենց ընկերությունների վեբկայքերի միջոցով չի հայտնել իր աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարին: Ո՛չ Ամազոնը և ո՛չ էլ Էփլը չեն նշել, որ իրենք անցկացնում են հակակոռուպցիոն վերապատրաստում իրենց աշխատակազմի համար: Ամազոնն ամերիկյան միակ ընկերությունն է, որը ոչինչ չի նշում նվերների ընդունման, հյուրասիրության և դրանց ուղղված ծախսերի, ինչպես նաև տեղեկություններ հայտնելու կանոնակարգումների վերաբերյալ: Միևնույն ժամանակ, ամերիկյան բոլոր 44 ընկերություններն իրենց աշխատակիցներին հնարավորություն են տալիս հայտնելու իրենց կողմից հայտնաբերված կոռուպցիոն դեպքերի մասին:

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտների ընկերություններն այն փոփոխությունների շարժիչ ուժն են, որոնք մեր հասարակությունը դարձնում են ավելի թափանցիկ և հաշվետու: Նրանք պետք է թափանցիկության օրինակ ծառայեն այլ ընկերությունների համար: Մենք հուսով ենք, որ նրանց գործունեությունը կլինի նույնքան թափանցիկ, որքան նրանց կողմից ստեղծված ապրանքներն ու ծառայություններն են ընդլայնում թափանցիկությունը մեր կյանքում»,- նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի գործադիր տնօրեն պարոն Կոբուս դե Սվարդտը:

Տես նաև Հաճախակի տրվող հարցերը և Մեթոդաբանության մանրամասն բացատրությունը անգլերեն

###

Թրանսփարենսի Ինթերնեշնլը կոռուպցիայի դեմ պայքարող քաղաքացիական հասարակության առաջատար համաշխարհային կազմակերպություն է:

Հաղորդակցության պատասխանատու՝
Քրիս Սանդերս
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռ.՝ 0049 30 34 38 20 666