Ս.թ. հոկտեմբերի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել ասուլիս՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ: Նրանք անդրադարձել են Հայաստանում առկա կոռուպցիոն երևույթներին, դրանց դեմ իրականացվող պայքարի արդյունավետությանը, հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի նոր հայեցակարգին: Վարուժան Հոկտանյանի գնահատմամբ ԹԻ կոռուպցիայի ընկալման համաթվի ցուցանիշներով Հայաստանում էական փոփոխություն չի արձանագրվել, իհարկե էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման շնորհիվ վիճակի փոքր ինչ լավացում եղել է, սակայն այն մասամբ լուծել է միայն կոռուպցիայի կանխարգելման խնդիրը, ինչը արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական բաղադրիչներից մեկն է բացահայտման ու հանրային աջակցության հետ մեկտեղ:

Հայաստանում նախորդ երկու հակակոռուպցիոն ռազմավարության (2003-2007 և 2009-2012) ծրագրերով շեշտը դրվել է կանխարգելման խնդրի վրա, որն ըստ Վարուժան Հոկտանյանի բավարար չէ: Անհրաժեշտ է անդրադառնալ կոռուպցիոն դրսևորումների պատժելիության խնդրին: Բանախոսները համակարծիք էին, որ Հայաստանում բավականին մեծ է հանրության հանդուրժողականությունը կոռուպցիայի նկատմամբ, ինչը մեծապես պայմանավորված է նրանով, որ լիարժեք չեն գործում կանխարգելման և պատժման մեխանիզմները:

Սուրեն Քրմոյանի խոսքով նոր ծրագրով 4 հիմնական թիրախային ոլորտներ է ընտրվել՝ կրթություն, առողջապահություն, հարկային մարմիններ և ոստիկանություն: Այս ծրագրով ավելի մեծ է հնարավորությունը թիրախային պայքար ծավալելու կոռուպցիոն դրսևորումների դեմ:

Մշակված ռազմավարական փաստաթուղթը միտված է բարձրացնելու հասարակության վստահությունը հանրային կառավարման համակարգի նկատմամբ, ձևավորելու բարեխիղճ և պատասխանատու հանրային ծառայություն, ինչպես նաև ապահովելու կառավարման թափանցիկությունը և հանրային հաշվետվողականությունը: Փոխնախարարի կարծիքով այս ծրագրով ավելի մեծ կլինի արդյունավետությունն ապահովելու հնարավորությունը:

Վարուժան Հոկտանյանի խոսքով ռազմավարական նախորդ ծրագրերի թերությունն այն էր, որ չստեղծվեց այնպիսի ինստիտուցիոնալ լիարժեք համակարգ, որը կարողանար փոխել իրավիճակը: Եվ եթե նոր ծրագրով չլուծվի այդ խնդիրը, ապա ԹԻՀԿ գործադիր տնօրենը կասկած հայտնեց, որ նոր ռազմավարությունը արդյունավետ կիրագործվի: