Ս.թ. օգոստոսի 23-ին «Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրեր Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը հաղորդումը վարող Աննա Իսրայելյանի հետ զրուցել են Հայաստանում ստվերային տնտեսությանն առնչվող խնդիրների վերաբերյալ՝ անդրադառնալով ստվերային տնտեսությունը 100 օրում կրճատելու իրատեսական լինելուն, ստվերի առաջ բերած խնդիրներին, պատճառներին, լուծման ուղիներին:

2014 թ. մայիսի 15-ին կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն, անդրադառնալով նախորդ օրը գործարարների հետ հանդիպմանը, բացահայտել է. «Մենք պայմանավորվել ենք, որ բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում, և բոլորն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ստվերից դուրս գան: Դա եղել է մեր պայմանը: Մինչև հուլիսի 1-ը մենք տալու ենք հնարավորություն, որպեսզի իրենք ինքնուրույն իրենց ցանկությամբ փորձեն աշխատել հավասար դաշտում: Ես գտնում եմ և նաև ունեմ համոզմունք, որ իրենք խաղի կանոնները պետք է փորձեն պահպանել, և եթե չպահպանեն, մենք փորձելու ենք նաև մեր լծակներն օգտագործել, որպեսզի կարողանանք մեր առջև դրված խնդիրներին լուծում տալ»: Սակայն օրերս «Բազե» երիտասարդական հավաքում վարչապետը հարկադրված էր խոստովանել, թե էլի է ժամանակ պետք խնդրի լուծման համար:

Ըստ Վարուժան Հոկտանյանի` հակակոռուպցիոն տեսակետից ստվերային տնտեսությունը լրջագույն խնդիրներից մեկն է, և միայն համալիր մոտեցման ու համակարգված պայքարի դեպքում է հնարավոր է ստվերի կրճատում: Միջազգային փորձից ելնելով և Հայաստանի դեպքում 100 օրում ստվերը կրճատելն ակնկալելը կլիներ իդեալիզմ: Տարիներ, եթե ոչ տասնամյակներ են պետք ստվերը կրճատելու համար, քանի որ բացի տնտեսական քայլերից քաղաքական համակարգում և սոցիալական քաղաքականության մեջ լրջագույն փոփոխություններ են պահանջվում:

Բնականաբար որոշակի քայլեր ձեռնարկվում են ստվերը կրճատելու համար: Խնդիրն այն է, թե այդ քայլերը որքանով կարող են բերել այնպիսի իրավիճակի, որից հետո դրական զարգացում ծավալվի: Միայն պաշտոնյաների ձերբակալության մի քանի էպիզոդիկ դեպքերով խնդիրը չի լուծվի: Պետք է ոչ միայն պատժամիջոցներ ձեռնարկել, այլև կանխարգելիչ համակարգ պետք է լինի, որը կանխարգելիչ պոտենցիալ ունենա ստվերը կանխելու համար: Խնդիրն այն է ինչքանով կայուն կլինի և կշարունակվի ստվերի դեմ պայքարը: Խնդրահարույց է նաև բնակչության հանդուրժողականությունը ինչպես կոռուպցիայի, այնպես էլ ստվերի նկատմամբ: Հաշվի առնելով ռեժիմի առանձնահատկությունները դա արվում է կամ իշխանափոխության միջոցով կամ քաղաքական կամքի դրսևորմամբ, ինչպես եղավ Վրաստանում իշխանափոխությունից հետո:

Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները հետաքրքիր պատկերացում են տալիս Հայաստանում ստվերային տնտեսության ծավալների մասին: Ըստ այդմ՝ ստվերային ապրանքների չփաստաթղթավորված շրջանառությունը կրճատվել է մոտ 50 տոկոսով: Ավելացել է հաշիվ-ապրանքագրերի քանակը: Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ հաշիվ-ապրանքագրերով դատելը միակ փոփոխականը չէ ստվերային տնտեսության չափման համար: Խնդրահարույց է, թե որքանով են արժանահավատ եղել ստվերի չափի 30-35 տոկոսի վերաբերյալ թիվը, որքանով են արժանահավատ հաշիվ-ապրանքագրերում նշված թվերը, ներմուծվող ապրանքների գները որքանով են համապատասխանում իրականությանը:

Դեռ 2011 թ. նոյեմբերին, ելույթ ունենալով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների համագումարում, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջավի պետական համակարգից և իշխանությունց: Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ կոնկրետ Հայաստանի դեպքում կոռուպցիայի արմատներից մեկը բիզնեսի և քաղաքականության սերտաճումն է: Դա արտահայտվում է նաև այնպիսի մի երևույթի տարածվածությամբ, ինչպիսին պետության զավթումն է, երբ որոշակի ֆինանսական, արդյունաբերական խմբեր սկսում են թելադրել ինչպիսի օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր պետք է ընդունվեն: Համաշխարհային բանկի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից Բիզնես միջավայրի և ձեռնարկությունների գործունեության ուսումնասիրության (BEEPS) տվյալներով Հայաստանում, որտեղ 1998 թ. բավականին քիչ էր այդ սերտաճումը, վերջին տվյալներով կտրուկ վատացել է վիճակը: