Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման համատեքստում
Ս.թ. հուլիսի 10-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը «Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման համատեքստում» խորագրով համաժողովի «Ընտրական համակարգի հիմնահարցեր» նիստի ընթացքում բանախոսել է «Կուսակցությունների միջոցները. ի՞նչ ցույց տվեցին 2012-2013 թթ. համապետական ընտրությունները» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էր «Հանրային քաղաքականության վերլուծության և երկխոսության Ապելլա Ինստիտուտ» վերլուծական կազմակերպությունը Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի օժանդակությամբ: Միջոցառմանը զեկույցներով հանդես են եկել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ, սահմանադրության և ժողովրդավարության հարցերի առաջնակարգ փորձագետներ, միջազգային բանախոսներ:
Համաժողովին բանախոսել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, Վարշավայի համալսարանի Մարդու իրավունքների ամբիոնի ղեկավար, Լեհաստանի սահմանադրական դատարանի նախկին դատավոր պրոֆ. Միրոսլավ Վիրզիկովսկին, Լիբերալ ռազմավարության կենտրոնի ծրագրերի տնօրեն, Սոֆիայի համալսարանի և Կենտրոնական Եվրոպայի համալսարանի Համեմատական սահմանադրական իրավունքի պրոֆեսոր դր. Դանիել Սմիլովը Բուլղարիայից, Ռազմավարական հետազոտությունների բելառուսական ինստիտուտի, Սանկտ-Պետերբուրգի Եվրոպական համալսարանի դոցենտ դր. Ալեքսեյ Պիկուլիկը, Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, Ապելլա Ինստիտուտից դր. Արմեն Մազմանյանը, Մարդու իրավունքների ոլորտի փաստաբան Վահե Գրիգորյանը, և այլոք:
