Քաղաքացիական հասարակությունը քննարկում է Եվրասիական միության նոր զարգացումները
Ս.թ. հունիսի 3-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել է «Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» խորագրով հանրային քննարկմանը, որը կազմակերպել էր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը: Քննարկման մասնակիցները մտահոգ էին վերջին շրջանում Հայաստանի վարած արտաքին քաղաքականությամբ, տարածաշրջանային ինտեգրման հնարավոր սցենարներով, Հայաստանի ու Արցախի գոյության սպառնալիքների չեզոքացման խնդիրներով։ Նրանք անդրադարձել են մի շարք հիմնահարցերի, այդ թվում՝ ի՞նչ է տեղի ունեցել սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո, ի՞նչ վտանգներ է պարունակում Եվրասիական տնտեսական միության Հայաստանի անդամակցությունը, որքանո՞վ է այն կապված Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության հետ:
Վարուժան Հոկտանյանի կարծիքով ԹԻ ուսումնասիրությունները վկայում են հասարակության ապատիայի և անտարբերության մասին, որը չի ցանկանում մասնակցել հակակոռուպցիոն գործընթացներին: Նա Հայաստանում չի տեսնում այն ուժերը, որոնք դեմ դուրս կգային պարտադրված «եվրասիական» կողմնորոշմանը: Սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումից հետո Հայաստանի իշխանությունները, որպես փաստարկ, ներկայացնում էին Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը: Անդրադառնալով «Մադրիդյան սկզբունքներին»՝ Վարուժան Հոկտանյանը նշել է, որ պետք է բանավեճ ծավալվի, թե որքանով են այդ սկզբունքներն ընդունելի ՀՀ-ի և ԼՂ-ի համար:
Քննարկման բանախոսներից էին Դավիթ Շահնազարյանը, Ավետիք Իշխանյանը, Լևոն Բարսեղյանը, Արթուր Սաքունցը: